Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Եգիպտոսի և Քուվեյթի հետ. փոխվարչապետ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական և հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում գտնվող եգիպտացի և քուվեյթցի լրագրողների խմբին:

Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, Արմեն Գևորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-եգիպտական, հայ-քուվեյթական հարաբերություններին, այդ երկրների հետ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, գործարար կապերի աշխուժացմանը։

Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է զարգացնելու հարաբերությունները բարեկամ երկրների հետ, և հատկապես կարևորում է առևտրատնտեսական կապերի խորացումը: Եգիպտոսում հայտնի իրադարձությունների պատճառով վերջին շրջանում միջկառավարական հանձնաժողովը նիստեր չի գումարել, սակայն, փոխվարչապետի խոսքով, հայկական կողմը պատրաստակամ է շարունակել աշխատանքները, երբ եգիպտական կողմը պատրաստ կլինի: Հայ-քուվեյթական հարաբերությունները վերջին շրջանում բավականին ակտիվ զարգանում են. Հայաստանում բացվել է Քուվեյթի դեսպանատունը, 2011թ. Երևանում կայացել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, իսկ երկրորդ նիստի անցկացումը նախատեսվում է առաջիկայում:

Պատասխանելով երկրների հետ գործարար շփումների ակտիվացման վերաբերյալ հարցին` Արմեն Գևորգյանը նշել է, որ առևտրային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը ձևավորված է: Փոխգործակցության համար նա հեռանկարային է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները, որոնք հետաքրքրություն կարող են ներկայացնել նաև արաբ գործընկերների համար:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը բարեկեցություն և խաղաղություն է մաղթել Եգիպտոսի և Քուվեյթի բարեկամ ժողովուրդներին: