Ամիենում բացվել է Գերման Ավագյանի «Մահից հետո ծնվածներ» ցուցահանդեսը

Սեպտեմբերի 19-ին Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հայ անվանի լուսանկարիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գերման Ավագյանի ցուցահանդեսի բացումը: Այս մասին հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված այս ցուցահանդեսը ներկայացնում է Գերման Ավագյանի հեղինակային «Մահից հետո ծնվածներ» (Born After Death) դիմանկարների շարքը, որի հերոսները Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված ազատամարտիկների զավակներն են` ծնված իրենց հայրերի մահվանից հետո:

Դեսպան Չիտեչյանը, իր խոսքում բարձր գնահատելով հեղինակի խաղաղության կոչի յուրօրինակ գաղափարը, նշել է, որ նման տպավորիչ և զգայացունց դիմանկարները դիտելով` անհնար է չգիտակցել պատերազմների ցավագին հետևանքը: Դեսպանը հիշեցրել է, որ Գերման Ավագյանի լուսանկարներում պատկերված այս պատանիները, Արցախյան ազատամարտում կորցնելով իրենց հայրերին, 1994թ. հրադադարից հետո դեռ շարունակում են ապրել «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» պայմաններում: Դեսպանն ընդգծել է նաև, որ աշխարհի ցանկացած ծայրում գալիք սերունդների մասին մտածող յուրաքանչյուր ոք, նայելով լուսանկարներում պատկերված պատանիների հայացքներին, պարտավոր է ջանք չխնայել` վերջիններիս լիակատար խաղաղություն պարգևելու համար:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ամիենի և շրջակայքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ արվեստասերներ:

Գերման Ավագյանի «Մահից հետո ծնվածներ» դիմանկարների շարքի ցուցադրությունը կշարունակվի Ամիենի Բրիկետրի մշակութային կենտրոնի ցուցասրահում մինչև հոկտեմբերի 6-ը: