Քենիայում անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Westgate-ը

Քենիայի անվտանգության ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաք Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնի (որտեղ արդեն երրորդ օրն է` շարունակվում է սոմալիական «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորման անդամների կողմից պատանդների զավթմամբ պայմանավորված ճգնաժամը) բոլոր հարկերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Քենիայի ներքին գործերի նախարար Ջոզեֆ Օլե Լենկուն: Նա ավելի վաղ ասել էր, որ ողջ մնացած պատանդներին փրկելուն ուղղված գործողությունը մոտ է ավարտին, զավթիչներից նվազագույնը երկուսը սպանվել է և մի քանիսը վիրավորվել են:

Քենիայի իշխանությունների ներկայացուցիչը BBC-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ հարձակում գործածներից հինգին հաջողվել է ձերբակալել, նրանցից մեկն ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից:

«Մենք վերահսկում ենք բոլոր հարկերը, ահաբեկիչները փախուստի են դիմում և թաքնվում են որոշ խանութներում… նրանք փախչելու տեղ չունեն»,- հայտարարել է Լենկուն: Նա նաև հայտնել է, որ պատանդները տարհանվել են, և իր կարծիքով` շինությունում, ըստ ամենայնի, արդեն ոչ ոք չի մնացել:

Զոհերի ճշգրտված թիվը 62 է, նշել է Լենկուն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 69 մարդ: Ավելի քան 170 մարդ տուժել է:

Սեպտեմբերի 23-ին` ավելի վաղ, հաղորդվել էր, որ առևտրի կենտրոնից ուժեղ ծուխ է բարձրանում, այնտեղից լսվում են պայթյուններ, և տեղի է ունենում կատաղի փոխհրաձգություն:

Նշվում է, որ ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ ցրելու առևտրի կենտրոնի շուրջ հավաքվածներին` սպասելով ճգնաժամի լուծմանը:

Քենիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջուլիուս Կարանդգին հերքել է լուրերն այն մասին, թե հարձակում գործածների մեջ կին է եղել:

Westgate առևտրի կենտրոնի վրա հարձակումը սկսվել էր սեպտեմբերի 21-ին։ Զինյալները ներխուժել էին առևտրի կենտրոն՝ նետելով նռնակներ և կրակելով ինքնաձիգներից։ Այդ պահին այնտեղ մանկական տոնախմբություն էր եղել։ Զոհվածների մեջ կան երեխաներ։

Ականատեսների խոսքով՝ հարձակում գործածները հնարավորություն էին տվել մուսուլմաններին լքելու շինությունը՝ հայտարարելով, որ պայքարում են միայն «անհավատների» դեմ։

«Աշ Շաբաբի» ներկայացուցիչը BBC-ի հետ զրույցում հայտարարել էր, որ կազմակերպության զինյալներն այս հարձակումը գործել են՝ ի պատասխան Սոմալիում քենիական զորքերի ներկայության։

Westgate-ի առևտրի կենտրոնի վրա իրականացված հարձակումը Քենիայում ամենաարյունալի ողբերգությունն է 1998-ից ի վեր, երբ Նայրոբիում ամերիկյան դեսպանատան պայթյունի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։