ՀԱՊԿ երկրների առաջնորդները Սոչիում քննարկել են Սիրիայի և Աֆղանստանի խնդիրը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պաշտպանել են Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում` դեմ հանդես գալով ի շրջանցումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած միջազգային միջամտության: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«ՀԱՊԿ անդամ պետությունները կարծում են, որ արտաքին, այդ թվում ուժային միջամտությունը անընդունելի է և կարող է հանգեցնել իրադրության էլ ավելի ապակայունացման այդ երկրում և տարածաշրջանի սահմաններից էլ դուրս»,- ասված է փաստաթղթում, որն ընդունվել է Սոչիում սեպտեմբերի 23-ին կայացած գագաթաժողովի արդյունքներով:

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները հայտարարել են, որ կողմ են հանդես գալիս Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման` Ժնևում սեպտեմբերի 12-14-ին համաձայնեցված ռուս-ամերիկյան առաջարկություններին:

Սակայն կազմակերպության անդամ երկրների տարածքում սիրիական քիմիական զենքի ուտիլիզացման հնարավորությունը չի քննարկվել, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Սոչիի գագաթաժողովի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են համատեղ գործողությունները 2014թ. Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո:

Բորդյուժայի խոսքով` ՀԱՊԿ առաջնորդները պայմանավորվել են Դուշանբեին անհատույց տրամադրել սպառազինություն և տեխնիկա Աֆղանստանի հետ սահմանի պաշտպանության համար, սակայն զինծառայողներ ուղարկելու մասին խոսք չկա:

Մեկնաբանել