Իրանի իշխանությունները ներում են շնորհել 80 բանտարկյալի երկրի նախագահ Հասան Ռոհանիի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելու նախաշեմին, հաղորդում է Reuters-ը: Նրանց մի մասը բանտարկվել էր 2009թ. նախագահական ընտրություններից հետո ծայր առած ցույցերի արդյունքում:
Ինչպես տեղեկացրել է դատարանի ներկայացուցիչը, համաներվածներից որոշներն արդեն ազատության մեջ են, իսկ մնացածներին ազատ կարձակեն առաջիկա օրերին:
Բրիտանական Guardian պարբերականի տվյալների համաձայն` Իրանում ներկայում կա մոտ 800 քաղբանտարկյալ և խղճի դատապարտյալ: Նրանց թվում են լրագրողներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ, բլոգերներ, ֆեմինիստուհիներ, քրիստոնյա հոգևոր սպասավորներ, սուննի մուֆթիներ, «Բահայի» կրոնական համայնքի բոլոր առաջնորդները և շատ ուրիշներ:
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Իրանում ազատ է արձակվել 11 քաղբանտարկյալ: