Փոփոխությունների աղբյուրը արժեքները պետք է լինեն

ՍիվիլՆեթը զրուցել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի հետ: Նա գնահատում է, թե որքանով է Հայաստանը կարողացել անցած 22 տարիներին մրցունակ դառնալ:

 -Պարոն Հերգնյան, մրցունակության տեսանկյունից ինչպիսի՞ պետություն և տնտեսություն ենք մենք կառուցել անցած 22 տարիներին:

– Նախ՝ արժե սկսել, թե մրցունակությունն ինչ դեր ունի պետության անկախության կայացման մեջ: Անկախությունը տրվածություն չէ, անկախությունը կայացում է, և ինքնիշխանությունն ունի աստիճաններ: Այսօր ոչ մի երկիր, ներառյալ՝ ԱՄՆ-ը, բացարձակ անկախություն չունի: Աշխարհը դառնում է ավելի փոխկապված, փոխկապվածությունները խորանում են և ավելի բազմաբնույթ են դառնում: Այդ առումով այլ երկրների հետ մրցելու ունակությունը ավելի կարևոր է դառնում տնտեսական աճ, երկրի բնակչության համար բարեկեցության աճ ապահովելու տեսանկյունից: Մյուս կողմից՝ մրցունակությունը զրո արդյունքով խաղ չէ: Այսինքն՝ այն նման չէ պատերազմի, երբ մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում: Արտադրողականությունը, լինելով մրցունակության ֆունդամենտալ որոշիչը, ենթադրում է տնտեսական արժեքի անընդհատ աճ՝ մրցունակության բարձրացմանը համընթաց: Մրցունակության բարձրացումը ի վերջո բերում է արտադրողականության բարձրացման, արտադրողականության բարձրացումն էլ բերում է մեկ շնչին ընկնող տնտեսական արժեքի ավելի մեծացման և ի վերջո՝ բարեկեցության մեծացման: Մյուս կողմից՝ սրվում է մրցակցությունը երկրների միջև, և այդ առումով շատ կարևոր են այն համակարգերը, որոնք ապահովում են երկրի՝ մրցելու ունակությունը:

Հիմա հետահայաց նայենք մեր 22 տարվա ուղուն՝ մի քանի չափողականություններով: Թերևս շատ կարճ աշխարհաքաղաքական տեսանկյունից նայենք․ մենք իսկապես ազատագրեցինք տարածքներ, բայց մյուս կողմից՝ ձախողեցինք վերաբնակեցման խնդիրը: Մենք սկսեցինք ավելի բազմավեկտոր քաղաքականությունից և հանգրվանեցինք ավելի միավեկտոր դիրքերի: Տնտեսական քաղաքականության տեսանկյունից․ մենք առաջիններից մեկը սկսեցինք շատ ավելի ազատական քաղաքականություն, բայց միևնույն ժամանակ դա բերեց մեր արտադրական և գիտական ներուժի մեծ կորստի: Վերջինը կուզենայի հատուկ շեշտել, որովհետև իսկապես այն գիտական ներուժը, որ Հայաստանն ուներ, մեզ դիրքավորում էր աշխարհի առաջատար երկրների շարքում: Ունենալով նման տեխնոլոգիաներ՝ ընդհուպ մինչև միջուկային տեխնոլոգիաներ, մենք այդ ներուժի մեծ մասը կորցրեցինք: Այսօր շատ երկրներ, որոնք ունեն նավթային ռեսուրսներ, չեն կարողանում նույն արդյունքին հասնել, գիտական դպրոցներ ստեղծել: Մեր գիտական դպրոցների կորուստը թերևս կարելի է համարել կարևոր ձախողումներից մեկը: Այնուամենայնիվ, մենք կարողացանք ստեղծել տնտեսական համակարգ, որը գործում է, որտեղ ստեղծվել են ինստիտուցիոնալ կառույցներ, կարողացանք մակրոտնտեսական կայունություն ապահովել և, թերևս համեմատության մեջ, ստեղծեցինք ֆինանսական ամենակայուն համակարգերից մեկը: Բայց նաև թերացումներ ունեցանք այնպիսի միկրոտնտեսական միջավայրի ստեղծման գործում, որը խթանում է ձեռներեցությունը: Այսինքն՝ պատկերը միագույն չէ, բազմավեկտոր և բազմագործոն է:

– Հայաստանի տնտեսությունում առանձին ապրանքանիշերի շուկաներում բարձր կենտրոնացվածություն կա: Գործարարին ինչո՞ւ է պետք կատարել արդիականացում, ինչ-որ փորձ ու մրցակցային առավելություն ձեռք բերել, եթե նա գերիշխող դիրք ունի: Պետությունն ի՞նչ դեր ունի կատարելու:

– Նախ՝ ես չեմ կարծում, որ մեր բոլոր ոլորտներում այնպիսի իրավիճակ է, որ կա գերակա դիրք գրավող մեկ կամ երկու սուբյեկտ և նրանք են թելադրում խաղի բոլոր պայմանները: Եթե նայենք համախառն ներքին արդյունքի կառուցվածքին և որ ոլորտներն են ավելացված արժեք ստեղծում, կտեսնենք՝ շատ ոլորտներում շատ ավելի դաժան մրցակցություն է, քան կարելի է պատկերացնել, և այդ մրցակցությունը շատ ավելի սրանում է: Իհարկե, մեզ մոտ կան գրավիչ ոլորտներ, շատերը՝ մասնավորապես կապված ներմուծման հետ, որոնք շատ ավելի կենտրոնացված են: Սակայն խնդիրը առավելապես ոչ թե առանձին ոլորտների կենտրոնացվածությունն է, այլ ավելի շատ այնպիսի բիզնես խմբերի առկայությունը, որոնք ռեսուրսների ավելի մեծ կենտրոնացում ունեն և կարողանում են այդ ռեսուրսները շահագործելով ավելի լավ դիրքերում հայտնվել մրցակիցների նկատմամբ: Այսինքն՝ հիմնական խնդիրներին բերում է կապիտալի կենտրոնացումը մի քանի բիզնես խմբերի ձեռքում, ոչ թե առանձին ոլորտներում կենտրոնացվածությունը: Այդ առումով, իհարկե, ձեր կողմից նշված մոտիվացիան կա ավելի շատ այն ոլորտներում, որտեղ ավելի մեծ մրցակցություն է: Մոտիվացիա ասելով՝ նկատի ունեմ արտադրողականության բարձրացման ավելի արդյունավետ կառավարման համակարգերի օգտագործում, քան այն ոլորտներում, որտեղ դա չկա: Սա ուղղակի աքսիոմ է, և բնականաբար պետության քաղաքականության մի հատվածն էլ պետք է ուղղված լինի նրան, թե ինչպես կարողանալ ինչ-որ չափով չեզոքացնել այդ ազդեցությունները: Բայց այստեղ մենք պետք է նկատի ունենանք, որ ի վերջո իշխանությունն էլ ձևավորվում է նաև ի հաշիվ որոշակի տնտեսական ռեսուրսների կառավարման, և մենք չենք կարող ամբողջովին տարանջատել պետական իշխանությունը և բիզնեսը: Դրանք այնքան միախառնված են այսօր, որ մենք պետք է խոսենք ավելի շատ իշխանական էլիտաների և բիզնես խմբերի մասին, քան թե զուտ պետության և բիզնեսի՝ այսպիսի հակադիր բաժանման մասին:

– Ինչպե՞ս, օրինակ, փոխել մտածելակերպը այն խմբերի, որոնք իրենց ձեռքում են կենտրոնացրել ռեսուրսները: Ուժայի՞ն մեթոդներով է պետք անել, թե՞ ինչ-որ ձևով կրթելու ճանապարով:

– Ձևավորված ստատուս քվոյի պայմաններում փոփոխությունը բնականաբար ձեռնտու չէ հիմնական շահավետ դիրքեր ունեցող բիզնես և իշխանական էլիտաներին: Բայց եթե նայենք երկարաժամկետում, ապա այն ձեռնտու է գրեթե բոլորին, որովհետև ի վերջո մեր տնտեսական արժեքը պետք է մեծանա: Երբ տնտեսական արժեքը մեծանում է բոլորի համար, մասնաբաժինները, որը դու ունես, թեպետ փոքր, բացարձակ առումով շատ ավելի մեծ են: Եվ այդ առումով այստեղ փոփոխությունը կկատարվի միայն այն դեպքում, երբ ավելի երկարաժամկետ օրակարգ ունեցող իշխանական էլիտան դառնա միավորման և կոնսոլիդացիայի կենտրոն և կարողանա իր օրակարգը թելադրել մնացածին, և տեղի ունենա իրական տնտեսական ազատականացում:

-Արագ շարժվող աշխարհում մենք երկար սպասելու ժամանակ ունե՞նք. չէ՞ որ այդ դեպքում կարող ենք հայտնվել գլոբալ աշխարհի պերիֆերիայում:

– Շատ հետաքրքիր հարց է: Այսօր առաջ է քաշվում այն թեզը, թե մենք անսահման ժամանակ ունենք, մենք դեռ երիտասարդ պետություն ենք և շատ երկար ժամանակ ունենք կայացման համար: Իհարկե դա այդպես է, եթե դու գտնվում ես շատ ավելի հանգիստ տարածաշրջանում: Միգուցե դա այդպես էր 18-19-րդ դարերում, բայց այսօրվա աշխարհում և այս հակամարտող տարածաշրջանում մենք այդ ժամանակը չունենք: Ամենակարևոր խնդիրը այսօր այդ ժամանակի սղության դեֆիցիտի ընկալումն է, որը կա հասարակության բոլոր շերտերում: Շատ կարևոր է այսօր սրել այդ զգացողությունը, որ արմատական փոփոխություններ իրականացնելու և ամբողջ տնտեսական համակարգի տրամաբանությունը փոխելու ժամանակ շատ քիչ ունենք: Այդ առումով դա ուղղակիորեն կապված է մեր ինքնիշխանության, մեր անկախության հետ: Ընդհանրապես, ինքնիշխանության պահպանման ձևերից մեկն էլ ոչ միայն զուտ տնտեսական ներուժը, այլ նաև կապերի բազմազանությունը մեծացնելն է, այսինքն՝ ինչքան դիվեսիֆիկացված են կապերը, այնքան ինքնիշխանության աստիճանը բարձր է: Պատկերացրե՛ք՝ Հայաստանը օտարերկրյա ներդրումների ներգրավման ավելի հաջողակ քաղաքականություն վարեր, և այստեղ գործեին խոշոր անդրազգային կորպորացիաներ: Բնականաբար շատ երկրների համար Հայաստանը կդառնար տնտեսական շահի կենտրոն և շատ ավելի այլընտրանքներ և ճկունություն կունենար արտաքին տնտեսական քաղաքականության և ընդհանրապես արտաքին քաղաքականության տեսանկյունից:

– Այո, բայց այսօրվա բիզնեսի և քաղաքականության սերտաճման պայմաններում քաղաքականություն որոշողները շահագրգռված չեն անդրազգային ընկերություններին իրենց մրցակից դարձնել:

– Բնականաբար դա կա, բայց միևնույն ժամանակ, եթե մենք խոսում ենք գլոբալ աշխարհի մասին, որտեղ տեխնոլոգիաներն են հիմնական շարժիչ ուժը, նաև պետք է մտածենք, որ տեխնոլոգիաների ձեռբերման հիմնական աղբյուրներից մեկը հենց անդրազգային ընկերություններն են:

Ես կուզենայի անդրադառնալ նաև մի խնդրի, որը ի վերջո մրցունակության ամենաֆունդամենտալ որոշիչն է և որտեղից թերևս փոփոխությունների աղբյուրն է բխելու: Դա արժեքներն են, որոնք են ի վերջո կանխորոշում մարդկանց և տնտեսական սուբյեկտների վարվելակերպը: Դա շատ կոնկրետ է, ոչ մի աբստրակտ բանի մասին չեմ խոսում: Սոցիալական կապիտալի կապը տնտեսական զարգացման մեջ կարելի է արդեն փաստված իրողություն համարել: Սոցիալական կապիտալի հիմքը վստահության աստիճանն է. ինչքան բարձր է վստահության աստիճանը հասարակության մեջ, այնքան ցածր են տրանզակցիոն ծախսերը, այնքան ավելի հեշտ են կատարվում գործարքները և այնքան ավելի է խթանվում տնտեսական գործունեությունը: Պատկերացրե՛ք՝ ինչքան գործարքներ տեղի չեն ունենում Հայաստանում միայն այն պատճառով, որ վստահության աստիճանը շատ ցածր է: Օրական ինչքան ներդրումներ տեղի չեն ունենում այն պատճառով, որ գործընկերների նկատմամբ վստահության աստիճանը ցածր է:

 – Երկրի նկատմամբ՝ նույնպես:

– Բնականաբար` և՛ միկրոմակարդակով, և՛ մակրոմակարդակով: Կարծում եմ՝ արժեքային համակարգի խնդիրը ամենակենտրոնական խնդիրներից է, որտեղ վստահությունը ի վերջո նաև արտացոլումն է այնպիսի առաքինությունների, ինչպիսիք են ազնվությունը և պարկեշտությունը: Այսինքն՝ տվյալ հասարակության մեջ գերակշռող բարոյական արժեքների և մրցունակության միջև ուղիղ կապ կա:

 -Եթե հաշվի առնենք վերջին զարգացումները, մասնավորապես՝չորս տարի եվրոպացիների հետ բանակցելուց հետո Մաքսային միությանը միանալու որոշումը, արդյոք մենք կարո՞ղ ենք դիտարկվել որպես վստահելի երկիր:

– Ես կուզենայի վստահության խնդրին մի քիչ ավելի միկրոմակարդակով նայել, որովհետև ամեն ինչ պետք է սկսել ոչ թե երկրի, այլ սեփական անձի վերաբերյալ հարցից: Առաջին հարցը, որը մարդ պետք է ուղղի երկրի փոփոխության օրակարգի տեսանկյունից, սեփական անձին ուղղված հարցն է՝ ես ինչ եմ անում, արդյոք շարժվում եմ հենց այն արժեքներով, որոնք բերում են երկրի տնտեսական մրցունակությանը: Այս միկրորոշումներից ձևավորվում են մակրոորոշումները: Երբ մենք կարողանանք դա ստեղծել, կկարողանանք նաև ունենալ ճիշտ մակրոընտրություններ: Մյուս կողմից՝ ինչպես են ստեղծվում այդ արժեքները: Դրանք ստեղծվում են առաջնորդությամբ: Առաջորդությունը ես հասկանում եմ հենց այնպիսի առաջնորդություն, որը ուղղորդում է դեպի առաքինի արժեքների արմատավորմանը հասարակության մեջ:

Ես կարծում եմ` մեզ մոտ հերոսների ժամանակը անցել է, և չեմ կարծում, որ անհատական հերոսությամբ պայմանավորված առաջնորդությունն է հանդիսանալու փոփոխության շարժիչը: Ես ավելի շատ հավատում եմ հավաքական առաջնորդության տեսակին, որ մեզ մոտ հիմա արդեն ծիլեր է տալիս և ավելի շատ՝ երիտասարդ սերնդի մոտ, բայց՝ ոչ միայն: Փոփոխության հիմնական աղբյուրը ես տեսնում եմ հավաքական առաջնորդության մեջ, որը հիմնված է մեր բարոյական և ազգային արժեքների վրա, որը ի վերջո բերելու է այնպիսի միկրո և մակրո ընտրությունների, որոնք մեծացնելու են մեր մրցունակությունը և ի վերջո՝ նաև երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը:

 Զրուցել է Արմենակ Չատինյանը

 Տեսանյութը՝ այստեղ: