ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք մեկնած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան դրական է գնահատում Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու նախաձեռնությունը:
Ե՛վ Թուրքիայի նախագահը, և՛ վարչապետն ավելի վաղ արած հայտարարություններում կասկածանքով էին վերաբերում քիմիական զենքը ոչնչացնելու առաջարկությանը:
«Խնդիրը միայն քիմիական զենքը չէ. պետք է սիրիական ճգնաժամից դուրս գալու հստակ ռազմավարություն մշակել, ՄԱԿ-ն իր հերթին նույնպես պետք է հստակ քայլեր ձեռնարկի»,- Բան Կի Մունի հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահը:
Բան Կի Մունը և Աբդուլլահ Գյուլն անդրադարձել են նաև Կիպրոսի հիմնախնդրին, ինչպես նաև զրուցել պաղեստինյան հակամարտությունից:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցող Աբդուլլահ Գյուլն ավելի վաղ հայտարարել էր, որ սիրիական հարցի քննարկումն առանց Իրանի «ոչ իրատեսական է»: Գյուլի խոսքով՝ թեև վերջինիս հետ փոխըմբռնման հասնելու համար դեռ քայլեր է պետք ձեռնարկել, այդուհանդերձ՝ անկարելի է հարցի քննարկման ժամանակ շրջանցել Իրանին: