Գյուլը Սիրիայի հարցում ՄԱԿ-ից հստակ քայլեր է ակնկալում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք մեկնած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան դրական է գնահատում Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու նախաձեռնությունը:

Ե՛վ Թուրքիայի նախագահը, և՛ վարչապետն ավելի վաղ արած հայտարարություններում կասկածանքով էին վերաբերում քիմիական զենքը ոչնչացնելու առաջարկությանը:

«Խնդիրը միայն քիմիական զենքը չէ. պետք է սիրիական ճգնաժամից դուրս գալու հստակ ռազմավարություն մշակել, ՄԱԿ-ն իր հերթին նույնպես պետք է հստակ քայլեր ձեռնարկի»,-  Բան Կի Մունի հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահը:

Բան Կի Մունը և Աբդուլլահ Գյուլն անդրադարձել են նաև Կիպրոսի հիմնախնդրին, ինչպես նաև զրուցել պաղեստինյան հակամարտությունից:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցող Աբդուլլահ Գյուլն ավելի վաղ հայտարարել էր, որ սիրիական հարցի քննարկումն առանց Իրանի «ոչ իրատեսական է»: Գյուլի խոսքով՝ թեև վերջինիս հետ փոխըմբռնման հասնելու համար դեռ քայլեր է պետք ձեռնարկել, այդուհանդերձ՝ անկարելի է հարցի քննարկման ժամանակ շրջանցել Իրանին: