Սերժ Ավետիքյանը Բաթումիի կինոփառատոնում լավագույն դերասան է ճանաչվել

Սեպտեմբերի 22-ին Բաթումիի Արտհաուսային կինոյի միջազգային կինոփառատոնում ռեժիսոր Սերժ Ավետիքյանը «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին:

Ավետիքյանի ֆեյսբուքյան էջի համաձայն` «Փարաջանովը» ուկրաինական կինովարձույթ դուրս կգա հոկտեմբերի 3-ին: Ֆրանսիայում ֆիլմը կինովարձույթում կհայտնվի հունվարին կամ փետրվարին: Ինչպես նշել է Ավետիքյանը, ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մինչև տարեվերջ: Իսկ մինչ այդ, ֆիլմը պաշտոնապես կներկայացվի Համբուրգի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ից հոկտեմբրի 5-ն ընկած ժամանակահատվածում:

«Փարաջանովը» Ուկրաինայի կողմից պաշտոնապես հաստատվել է «Օսկարին» մասնակցելու համար: Ֆիլմը կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Մեծանուն արվեստագետ Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարվա մասին ֆիլմ նկարահանելու մտահղացումը ուկրաինացի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովայինն է, որը սցենարի հեղինակն է, համառեժիսորը և համապրոդյուսերը:

Ֆրանսիական կողմից համառեժիսորը Սերժ Ավետիքյանն է, գեղարվեստական ղեկավարը և կրեատիվ պրոդյուսերը` Ռոման Բալայանը, բեմադրող օպերատորը՝ Սերգեյ Միխալչուկը, բեմադրող նկարիչը՝ Վլադ Ռիժիկովը:

Մեկնաբանել