Վախենալով Միշելից՝ վեց տարի է չեմ ծխում. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ արդեն վեց տարի է՝ չի ծխում և կատակել է, որ վատ սովորությունից հրաժարվել է՝ վախենալով իր կնոջից՝ Միշելից, հաղորդում է NBC-ն:

Օբամայի այդ խոսքերը հրապարակային չէին, և մամուլ են ներթափանցել միացված բարձրախոսի պատճառով: ԱՄՆ նախագահն ու ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայինա Կիային զրուցում էին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլուարներում:

«Հուսով եմ՝ թարգել եք ծխելը», – ասել է Օբաման զրուցակցին: Կիային պատասխանել է, որ ժամանակ առ ժամանակ ծխում է և հարցրել Օբամային՝ արդյոք նրան հաջողվել է հրաժարվել այդ սովորությունից:

«Վեց տարում ոչ մի անգամ չեմ ծխել, քանի որ վախենում եմ կնոջիցս», – ասել է Օբաման ժպտալով:

Օբամայի ծխելու մասին լուրերը նրան ուղեկցել են 2008թ.՝ նախընտրական առաջին քարոզարշավի ժամանակ: ԱՄՆ-ում քաղաքական գործիչների վատ սովորությունները լայնորեն քննարկվում են մամուլում: 2009թ. արդեն որպես ԱՄՆ նախագահ Օբաման խոստովանել էր, որ նախկինի պես պայքարում է ծխելու դեմ՝ չնայած ծխում է հազվադեպ և ընտանիքից հեռու: ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման 2012թ. հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ նախագահին վատ սովորությունից հրաժարվելու հարցում օգնել են նրա դուստրեր Մալիան և Սաշան:

Մեկնաբանել