Թալիշական շարժման առաջնորդը Հայաստանում է

Երևան է ժամանել Թալիշական շարժման առաջնորդ, 1993թ. Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Ալաքբարի Հումմաթզոդան (հանրությանն առավել հայտնի գնդապետ Հումմաթով անունով: Այս մասին ասված է «Արմակադ» ցանցի տնօրեն Խաչիկ Գևորգյանի տարածած հաղորդագրությունում:

Այցի հիմնական նպատակը ԵՊՀ իրանագիտության ամբիոնում «Թալիշագիտություն» մագիստրական ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելն ու դասախոսությամբ հանդես գալն է: Միջոցառումը կսկսվի ԵՊՀ Չարենցի անվան լսարանում, սեպտեմբերի 24-ին` ժամը 13:00-ին:

Ալաքրամ Հումմաթզոդան թալիշական ազատագրական շարժման մեջ առավել կշռադատված քայլերի կողմնակից  է և Թալիշստանի անկախության հասնելու ճանապարհը տեսնում է Ադրբեջանի Հանրապետության կոնֆեդերացման մեջ՝ անհրաժեշտության դեպքում ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

Հայաստանյան այցի ընթացքում Ա. Հումմաթզոդան հանդիպումներ կունենա ՀՀ հասարակական-քաղաքական և գիտական շրջանների ներկայացուցիչների հետ: Այցի երկու օրերը նա անց է կացնելու Արցախում: Նախատեսվում է նաև հանդիպում Արցախի պետական համալսարանում, որտեղ հանդես կգա դասախոսությամբ: