Մեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, սկսվել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի: Սա բավական ուշագրավ է, քանի որ շուրջ 6 դար համանման ժողով չի գումարվել:

Ինչպես հաղորդում են Մայր աթոռի մամուլի դիվանից, Մայր Աթոռ Ս. Էջմիածին են ժամանել Հայ Եկեղեցու 75 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 62-ը:

Ժողովը սկսվել է միասնական Տերունական աղոթքով: Ապա ժողովականներն աղոթք են բարձրացրել առ Աստված հոգելույս Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, Տ. Արտավազդ արքեպիսկոպոս Թրթռյանի և Հայ Եկեղեցու բոլոր հանգուցյալ սպասավորների հոգիների հանգստության համար: Այնուհետև ներկաներին ողջունել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հրավիրել Սերժ Սարգսյանին` իր ողջույնի խոսքն ուղղելու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներին: 

Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «…Հայոց պատմության վայրիվերումներին ծանոթ մարդիկ կարող են իրավամբ գնահատել այն կարևորագույն առաքելությունը, որ կատարել և այսօր էլ շարունակում է կատարել մեր Մայր Եկեղեցին: Առաքյալների ջանքերով հիմնադրված այս հոգևոր հաստատության շնորհիվ պետականությունից զրկված և աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք սոսնձում են հայոց ինքնությունը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղն այսօր էլ շարունակում է լույս սփռել մեր մեջ, իսկ Հայոց Եկեղեցու սպասավորները շարունակում են իրենց անձնուրաց ծառայությունը՝ հավատարիմ մնալով Սուրբ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և Հայ Եկեղեցու լուսամիտ հայրապետներ Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Վազգեն Առաջինի և մեր մյուս հոգևոր հայրերի պատգամներին:

…Այս ժողովի գումարմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թևակոխում է իր պատմության նոր փուլ: Այն հնարավորություն է ստանում գտնելու մեր հոգևոր ու բարոյական կյանքի բազմաթիվ հարցերի պատասխաններ, մեր ժամանակների մարտահրավերներին համապատասխան բարեփոխելու և արդիականացնելու իր աշխատանքը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր «ոչ»-ը հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի և ամբողջ մարդկության հանդեպ, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանությունների կրկնությունը: Մեծ է այսօր այս առումով աշխարհասփյուռ մեր ժողովրդի ակնկալիքը նաև Հայ Եկեղեցուց և իր Եպիսկոպոսաց պատվական դասից:

Այս օրերին Սիրիայում շարունակվում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձավ սիրիահայ համայնքի ծանրագույն փորձությունը: Սիրիայում կատարվողը մեր ամենամեծ ցավն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծված իրավիճակի համար հնարավորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը մեր բարեկամ երկրում…»: