ԱՄՆ-ի և Իրանի նախագահները 34 տարվա ընդմիջումից հետո հնարավոր է՝ հանդիպեն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու համար, հաղորդում է NBC-ն:

Ռոհանիի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ-ում, IRNA-ի հաղորդմամբ, նախատեսված է սեպտմեբերի 25-ին:

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մեկնարկում է քաղաքական ընդհանուր բանավեճ, որը ԳԱ 68-րդ նստաշրջանի գլխավոր փուլն է:

Ինչպես անցյալ շաբաթ հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ներկայացուցչական ժողովում ակնկալվում է առնվազն 130 պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ավելի քան 60 արտգործնախարարների մասնակցությունը:

Քաղաքական համընդհանուր քննարկման ժամանակ ուշադրության կենտրոնում է լինելու սիրիական հարցը: Առաջիկա օրերին ԳԱ շրջանակում կանցկացվի բարձր մակարդակի նիստերի շարք, մասնավորապես, սեպտեմբերի 26-ին կկայանա միջուկային զինաթափմանը նվիրված հանդիպում:

ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարներն ու արտգործնախարարները կօգտվեն միջազգային խոշորագույն ֆորումից արդի աշխարհի ամենասուր հարցերը քննարկելու համար: Վերլուծաբաններն ակնկալում են ԱՄՆ-ի և Իրանի նախագահների հնարավոր հանդիպումը, որը կայանալու դեպքում կդառնա այդ երկրների ղեկավարների առաջին հանդիպումը 1979թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր, երբ Իրանում գահընկեց արվեց շահ Մոհամեդ Ռեզա Փահլավին և իշխանության եկավ այաթոլլահ Հոմեյնին:

Մեկնաբանել