Մերկելի հաղթանակը՝ վատ լուր Թուրքիայի համար. Zaman

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության և Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական բլոկի հաղթանակը Բունդեսթագի ընտրություններում վատ լուր է Թուրքիայի համար, գրում է թուրքական Zaman-ը:

Անկասկած, Մերկելի՝ խորհրդարանական ընտրություններում թվով երրորդ հաղթանակը նրան դարձնում է Եվրամիության ամենաուժեղ առաջնորդ: Հետևաբար, ընտրություններից  հետո է՛լ ավելի ուժեղացած Մերկելի հաղթանակը վատ լուր է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների տեսանկյունից, գրել է Zaman-ը:

Ըստ թուրքական պարբերականի՝ Անգելա Մերկելը Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ջատագովը չէ և պաշտպանում է ԵՄ-ի հետ Թուրքիայի արտոնյալ գործընկերության ծրագիրը: Գերմանիայի  նախկին կանցլեր Հելմուտ Քոլի պես նա էլ «սիրում է Թուրքիան, սակայն այն ժամանակ, երբ այդ երկիրը դրսում է», գրում է Zaman-ը:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում Մերկելի դիրքորոշումը հստակ է, և պաշտոնական Բեռլինի քաղաքականության մեջ փոփոխություն չի սպասվում:  

Թուրքիա – Եվրամիություն բանակցությունների 22-րդ փաթեթը նախ հետաձգվեց Գեզի այգու շուրջ ծավալվող իրադարձությունների, ապա՝ Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների պատճառով: Ընտրություններից հետո Անկարան ակնկալում է, որ հետաձգման պատրվակ այլևս չի լինի, և հոկտեմբերի 22-ին բանակցությունների հերթական փուլը կբացվի: Մինչդեռ Եվրախորհրդարանում Գերմանիայի  պատգամավոր, ծագումով թուրք  Իսմայիլ Էրթուղի խոսքով՝ «մեծ հույսեր պետք չէ կապել Մերկելի հաղթանակի հետ»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նրա գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցությունը սեպտեմբերի 22-ին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում  ստացել են ձայների մեծամասնությունը: Նոր Բունդեսթագում կլինի նաև թուրքական ծագում ունեցող տասնմեկ պատգամավոր: