Քննարկվել է ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը

Սեպտեմբերի 24-ին շահագրգիռ մարմինների քննարկմանն են ներկայացվել «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության միջանկյալ արդյունքները, հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:

Ուսումնասիրությունն իրականացվել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և «Մել-Հով» ՍՊԸ փորձագիտական խմբի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար` ընդգծելով, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես կառավարության օրակարգում է, և նշված ուսումնասիրությունը օգտակար կլինի ջրային ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացման համար:

Ըստ նրա, մասնավորապես` Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների ճշգրիտ գնահատականը կարևոր նշանակություն ունի դաշտավայրի գյուղացիական և արտադրական տնտեսությունների, ինչպես նաև բնակչության խմելու և կենցաղային ջրի պահանջարկն ապահովելու տեսանկյունից:

Հեղինակները տեղեկացրել են, որ վերջնական հաշվետվությունը, որը նաև եզրահանգումներ ու կոնկրետ առաջարկություններ կպարունակի, պատրաստ կլինի 2014թ. տարեսկզբին և կներկայացվի ինչպես կառավարությանը, այնպես էլ շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների: