ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն` Քուվեյթում

Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի է ուենցել Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած պետական ընդունելությունը` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյա տարեդարձին, հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Երկու երկրների օրհներգերը հնչելուց հետո ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստան-Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքի և անկնկալվող ծրագրերի մասին, անդրադարձել Քուվեյթի Պետության հետ տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներին և փոխգործակցության խորացման հեռանկարներին, ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների կամրջման գործում: Պետական ընդունելությունն ամբողջացել է ժամանակակից հայ արվեստի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսով և Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակի ցուցադրմամբ:

Հրավիրյալների թվում էին Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների, կառավարող «Ալ-Սաբահ» ընտանիքի ներկայացուցիչներ և անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության գլխավոր հյուրն էր Քուվեյթի Պետության առևտրի և արդյունաբերության նախարար Անես Խալեդ ալ Սալեհը: Ընդունելությունը նշանավորվել է Քուվեյթի Պետության մայրաքաղաքի` Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ Սաբահի և Ալ Ահմադի նահանգի նահանգապետ Դր. Իբրահիմ Ալ-Դուայիջի մասնակցությամբ:

Մեկնաբանել