Ովքե՞ր են սրբերը

Էջմիածնում սպասվում է Հայոց ցեղասպանության զոհերի սրբացման կարգի քննարկում: Պարզ է, որ կարգի խնդիրը չենք քննարկելու, այլ ովքեր են  սրբերը: Եվ ինչո՞ւ է եկեղեցին կառչում հատկապես Հայոց ցեղասպանության զոհերից: Եվ ինչո՞ւ ցեղասպանության զոհերն իրենց մահվան հրեշավորությամբ պետք է հավասարեցվեն Ավարայրի որևէ կերպ չապացուցված և չիմաստավորված կռվի արդյունքում մահացածներին: Վերջիններս նույնպես սրբացվել են: Մինչդեռ նրանց ինքնազոհության ընկալումը պատմականորեն միանշանակ չէ:

Միանշանակ է, որ Ցեղասպանության զոհերին ուղղակի անմարդկայնորեն ոչնչացրել են: Հարցն այն է նաև, թե ովքեր են ոչնչացնողները: Ավարայրի դեպքում, ըստ եկեղեցու, խոսք է եղել հավատափոխության մասին, որին դիմադրել են, դարձյալ, ըստ եեղեցու, Վարդանը և նրա տղաները: Այսինքն, ընդդիմանալով՝ նրանք փրկել են հավատի պատիվը: Բայց պարտադրողները բորենիներ չէին, նրանք ուզում էին, որ իրենց իշխանության դաշտում գործող և ապրող ազգերը լինեն նաև իրենց հավատի դաշտում: Հայերն ընդդիմացան, և տեղի ունեցավ Ավարայրը: Այսինքն, մարդիկ զոհվեցին պատերազմի արդյունքում: Հավասար կողմեր էին հավատի ընկալումներով: Սպանությունը եղել է ինչպես բոլոր պատերազմներում իրականացվող սպանությունը: Մերոնց չեն քառատել, հղիներին ի վնաս ապագա սերնդի չեն զրկել պտղից և այլն: Պարսիկները սոսկ կայսրություն չէին, նրանք նաև մշակութային կայսրություն էին: Ունեին կրոն, որը ոչնչով վատը չէր մեր եկեղեցու պատկերացրած քրիստոնեությունից:

Իսկ ովքե՞ր էին Ցեղասպանության զոհերը: Նրանք մարդիկ էին, որոնք սպանվեցին ամենահրեշավոր եղանակներով: Հետագա բոլոր ցեղասանությունների մեթոդները վերցվել են հենց Հայոց ցեղասպանությունից: Նրանց հավատափոխ անելու դեպքեր գրանցվել են, բայց Ցեղասպանության հիմքում հավատափոխությունից հրաժարվելը չէր: Հայերն իրենց ազգային և տարածքային խնդիրներով խանգարում էին Օսմանյան կայսրության կենսունակությանը: Ուստի մորթվեցին:

Իսկ այս ամենի հետ ի՞նչ կապ ունի եկեղեցին: Եկեղեցին, միգուցե, ոչ մի կապ չունի, բայց փաստը, թե ինչպես հայերը մոթվեցին, կապ ունի արժեքների հետ, որոնց դավանում է եկեղեցին: Հայերը մորթվեցին հնազանդորեն: Ահա այստեղ է, որ առաջանում է զոհերին սրբացնելու անհրաժեշտությունը, նրանք չեն դիմադրել, այսինքն, չարին չարով չեն պատասխանել: Ավարայրի տղաները չեն հնազանդվել: Նրանք ընդդիմացել են պայմանական չարին՝ հանուն հավատի պահպանության: Եվ սրբացվել են: Հնարավոր չէ սուրբ լինել առանց հնազանդության: Սուրբ Սարգիսն օրինակ չի կարող սուրբ լինել, որովհետև նա եղել է զորավար: Այսինքն, մարդկանց է սպանել: Նա չէր կարող լինել սիրո հովանավոր: Նա սիրո ճամփին կանգնած զորավար է եղել: Հետևաբար, եկեղեցին պետք է ճշտի սրբացման առաջնահերթությունները՝ սուրբ Սարգիսն ու Վարդան Մամիկոնյանն է՞լ են սուրբ, Հայոց ցեղասպանության զոհե՞րն էլ: Այդպես չի լինում: Նրանցից մեկը սուրբ չէ: Կարծում եմ, այնուամենայնիվ սուրբ չեն Սարգիսն ու Վարդանը: Նրանք եկեղեցու պատիվն են պահել: Եվ լավ են արել: Եթե եկեղեցու սրբերն են նրանք, այդ դեպքում այս ամենի հետ ի՞նչ կապ ունեն քրիստոնեությունը և Քրիստոսը: Հայոց ցեղասպանության զոհերի պարագայում այդ կապը երևում է: Իսկ երբ գտնում ես զոհի կապը Քրիստոսի հետ, անմիջապես այդ կապը կորում է եկեղեցու պարագայում: Որովհետև եթե զոհը ազգային խնդիր է լուծում, Քրիստոսն արանքից սղվում է: Այլ խոսքով, զոհը պետք է մարդու խնդիր լուծի: Մարդը պետք է ապրի ուրիշի ինքնազոհության արդյունքում: Ինչպես որ դա պատահեց Հիսուս Քրիստոսի պարագայում:

Հետևաբար, այս օրերին ի՞նչ չափանիշներ են դրվելու նժարին: Ես չգիտեմ: Ցեղասպանության զոհերը կարող են սրբացվել ինչպես մեր եկեղեցու չափանիշներով, այնպես էլ կաթոլիկ, ուղղափառ և բողոքական եկեղեցու չափանիշներով: Նրանք չեն մեռել հանուն եկեղեցու, և նույնիսկ հանուն հավատի չեն մեռել նրանք: Նրանք սպանվել են, որովհետև չեն ընդդիմացել չարին: