Հինգերորդ «Ոսկե նուռը»` Մոսկվայում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ավանդական դարձած տոնավաճառի անցկացումն այս անգամ նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին:

«Այն Մոսկվայի և Երևանի միջև ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունների, այլ նաև մեր ժողովուրդների մտերմացման, գործարար և մշակութային երկկողմ կապերի ամրապնդման զարգացմանն է ուղղված»,- ասել է տոնավաճառի անցկացմանն աջակից Մոսկվայի կառավարության անունից Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության պետի տեղակալ Անդրեյ Չիժովը:

Տոնավաճառին մասնակցել են ավելի քան 100 հայաստանյան արտադրողներ, ընկերություններ, որոնք ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, ինչպես նաև գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ այլ աշխատանքներ և այլն։

«Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի բացմանը ելույթ են ունեցել հայկական ազգագրական ժողգործիքների, երգ ու պարի Երևանից ժամանած և մոսկովյան համույթներ։

Արամ Սուքիասյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նաև հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության պետ Սերգեյ Չերյոմինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված, մասնավորապես 2014-16 թթ. Երևանի և Մոսկվայի համագործակցության ծրագրին առնչվող հարցեր, ինչպես նաև նոյեմբերի 29-30-ին Մոսկվայում անցկացվելիք Երևանի օրերի միջոցառումների կազմակերպչական հարցեր։

«Մոսկվայի հետ համագործակցությունը համարում ենք կարևոր ուղղություն։ Մեր հարաբերությունները զարգանում են, և այդ գործընթացը, մեր համոզմամբ, շարունակական է լինելու։ Երկկողմ համագործակցության լավագույն օրինակներից է ավանդական դարձած «Ոսկե նուռ» տոնավաճառ-փառատոնը։ Մեզ համար կարևոր է ծրագրերի և նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում, գործակցությունը տարբեր ձևաչափերով՝ ինչպես Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության, այնպես էլ երկու քաղաքների վարչական միավորների միջև»,- ասել է Արամ Սուքիասյանը։

Սերգեյ Չերյոմինը, իր հերթին, նշել է, որ փոխշահավետ համագործակցության զարգացման համար առկա են բոլոր հնարավորությունները` հավելելով, որ Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում կստորագրվի 2014-16 թթ. համագործակցության նոր ծրագիր։

Մեկնաբանել