Ես հպարտ եմ, որ Թուրքիայում եղել են Գեզին և նմանատիպ այլ ցույցեր. ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում կայացած հանդիպումներից մեկին, հաղորդում է Hurrriyet Daily News-ը:
«Գեզիի ցույցերը բնապահպանական գիտակցության զարթոնքի արդյունք են», – ասել է Գյուլը Merrill Lynch-ի կազմակերպած նախաճաշի ժամանակ և հավելել, որ նմանատիպ միտումներ են եղել նաև Վաշինգտոնում, Լոնդոնում և Նյու Յորքում:
«Այս կարգի խնդիրները հիմնականում բնորոշ են ժողովրդավարական և զարգացած երկրներին», – ընդգծել է Գյուլը:
Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ իր երկրի խնդիրները կապված չեն «հանցավորության, գործազրկության, հակաժողովրդավարական գործընթացների, բռնապետության կամ ավտորիտար համակարգի հետ»:
Գյուլը կրկնել է նախկինում հնչեցրած այն միտքը, որ ինքն ու կառավարությունը ընկալել են ցույցերի մեսիջը, միևնույն ժամանակ, մեղադրել է «արմատական խմբավորումներին ցույցերի ժամանակ ապօրինի գործողությունների համար»:
Աբդուլլահ Գյուլը նաև պարզաբանել է, որ թուրքական ոստիկանության՝ խիստ քննադատության արժանացած գործողություններն անհրաժեշտ էին:
«Ցանկանում եմ շեշտել այս միտքը. եթե դուք կոչ եք անում, որ մենք հանդուրժողական լինենք [Թուրքիայում ցույցերի ժամանակ], այդ դեպքում ի՞նչ կաներ Նյու Յորքը, եթե հարյուրավոր մարդիկ հավաքվեին «5-րդ Ավենյուում», գիշեր-ցերեկ փողոցի մեջտեղում անիվներ վառեին: Ստամբուլի ոստիկանությունն արել է այն, ինչ պետք է աներ», – ասել է Գյուլը: