Իրանի նախագահն ու արտգործնախարարը ամերիկացի գործընկերների հետ հանդիպում չեն նախատեսում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկացի իրենց գործընկերների հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակում նախատեսված հանդիպումներ չունեն, հաղորդում է IRNA գործակալությունը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Մարզիեհ Աֆխամի տեղեկացմամբ՝ «ներկա պահին նման հանդիպումներ օրակարգում չկան»:

Սեպտեմբերի 23-ին Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ Բարաք Օբաման Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպում չի նախատեսում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերլուծաբանների ակնկալմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի նախագահների հնարավոր հանդիպման դեպքում այն կարող է դառնալ այդ երկրների ղեկավարների առաջին հանդիպումը 1979թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր, երբ Իրանում գահընկեց արվեց շահ Մոհամեդ Ռեզա Փահլավին և իշխանության եկավ այաթոլլահ Հոմեյնին:

Մեկնաբանել