Սոֆիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնևի հետ, հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: Քննարկվել են համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
Դրագոմիր Ստոյնևն ընդգծել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ապրանքաշրջանառության ծավալները: Իբրև նախընտրելի ոլորտներ նախարարն առաջարկել է համագործակցել ռազմաարդյունաբերական, դեղագործության, գյուղատնտեսական մթերքների, սննդաարդյունաբերության սարքավորումների արտադրության բնագավառներում:
Դեսպանը կարևորել է Սոֆիայում միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքների անցկացումը, կլոր սեղանների և համաժողովների կազմակերպումը` գործարարների և ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ:
Կողմերը կարևորել են զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությունը` հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Քննարկվել են նաև Երևան-Սոֆիա ավիաչվերթի շահագործմամբ պարբերական ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը: