Մինչ օրս ամբողջությամբ չի լուծվել Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանային խնդիրը. փոխվարչապետ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետը շնորհավորել է Քրիստոֆ Բիրվիրթին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ գրասենյակի հետ երկար տարիների արդյունավետ ու բազմաճյուղ փոխգործակցությունը կշարունակվի և դրական արդյունքներ կունենա նաև փախստականների և տեղահանված անձանց համար:

Արմեն Գևորգյանը ներկայացրել է ինչպես Ադրբեջանից բռնագաղթածների, այնպես էլ սիրիահայերի խնդիրները: Նա առավել կարևոր է համարել նրանց բնակարանային ապահովվածության հարցը` ափսոսանքով նկատելով, որ մինչ օրս հնարավոր չի եղել ամբողջությամբ լուծել Ադրբեջանից մոտ երկու տասնամյակ առաջ բռնագաղթածների բնակարանային խնդիրը: Հայաստանի կառավարությունը փորձում է նաև հնարավորության սահմաններում պայմաններ ստեղծել սիրիահայերի կեցության համար:

Միաժամանակ նա նկատել է, որ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցաբար հաջողվել է թեև ոչ մեծ մասշտաբի, բայց արդյունավետ ծրագրեր իրականացնել` մասնավորապես սոցիալական տների կառուցման և շահագործման ծրագրերը: Նա առանձնացրել է նաև գրասենյակի հետ համագործակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարի, միգրացիայի ոլորտում տարբեր հետազոտությունների իրականացման, ինչպես նաև իրավական փաստաթղթերի մշակման աջակցության ոլորտներում:

Քրիստոֆ Բիրվիրթն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը: Հայաստանի կառավարության համար նա կարևոր է համարել փախստականների և տեղահանված անձանց համար անհրաժեշտ պայմանների ապահովումը` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով խնդրի վրա հրավիրել նաև միջազգային դոնոր կազմակերպությունների ուշադրությունը: