ԱՄՆ դեսպանը ոստիկանապետից հետաքրքրվել է ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ Ջոն Հեֆերնը կարևորել է, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսևորել են հանդուրժողականություն և զերծ մնացել ուժային մեթոդներից: Միևնույն ժամանակ` դեսպանը հետաքրքրվել է որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաև, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության դիրքորոշումն այդ դեպքերի վերաբերյալ, տեղեկացրել է միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի, նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին:

Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը:

Վլադիմիր Գասպարյանը հավաստել է, որ ոստիկանությունը շարունակում է աշխատել բաց ու թափանցիկ, իրականացնում է հրապարակային գործունեություն և վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձևավորմանն ուղղված բարեփոխումներն ավարտին հասցնելու իր հանձնառության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Մեկնաբանել