Բեշիկթաշ-Գալաթասարայ խաղը և Գեզի այգին

Օրեր առաջ Թուրքիայի ֆուտբոլի առաջնության Բեշիքթաշ-Գալաթասարայ հանդիպման ժամանակ ֆուտբոլասերներն անկարգություններ էին արել՝ պոկելով աթոռները և ներխուժելով դաշտ, որի հետևանքով ստամբուլյան երկու թիմերի մրցավեճն ընդհատվել էր: Ներկայում հետխաղյա արձագանքները դեռ շարունակվում են. շատերի կարծիքով` անկարգությունները քաղաքական դրդապատճառներ ունեն:  

Մասնավորապես` Օzgur-gundem կայքը իրադարձությունները կապում է Գեզի այգու պայքարի հետ: Կայքը նշում է, որ անկարգությունները հրահրել է Բեշիքթաշի «1453-ի արծիվներ» (1453-ը թուրքերի կողմից Ստամբուլի գրավման տարին է) ֆան ակումբը, որը ստեղծվել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Գեզի այգու իրադարձություններից հետո:

Օzgur-gundem-ը գրում է, որ կառավարությունը «1453-ի արծիվներ»-ը ստեղծել է ի հակադրություն Բեշիքթաշի հիմնական «Չարշը» ֆան ակումբի, որն օժանդակել է Գեզի այգու պայքարին:  Ըստ կայքի՝  անկարգությունը նախապես ծրագրված է եղել. «1453-ի արծիվները» կռիվ են հրահրել «Չարշը» ֆաների հետ, Գեզիի ցուցարարների կողքին կանգնելու համար նրանց դավաճան անվանել, որից հետո` ներխուժել դաշտ:

Ուշագրավ է, որ ոստիկանությունն ազատ է արձակել «1453-ի արծիվների» ֆան ակումբի՝ խաղադաշտ մտած անդամներին:

«1453-ի արծիվների» ստեղծմամբ թուրքական կառավարությունը նպատակ ունի վերահսկել ընդդիմադիր տրամադրությունները ֆուտբոլային խաղերի ժամանակ: Այսպես, Radikal-ին տված հարցազրույցում «1453-ի արծիվներ» ակումբի ղեկավարն ասել է, որ կարծիք կա, թե Բեշիքթաշի երկրպագուները ձախ հայացքների տեր են, սակայն իրենք եկել են ասելու, որ ազգայնական են:

Ի դեպ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գալաթասարայի երկրպագու է: