Հայաստանի և Վրաստանի ոստիկանությունները կշարունակեն համատեղ աշխատել

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսի քաղաքի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել  հայ և վրաց ոստիկանների գործընկերային հարաբերությունների խորացման կապացությամբ՝ նշելով, որ դա կնպաստի երկու իրավապահ կառույցների գործունեության արդյունավետությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն վստահեցրել է, որ համատեղ աշխատանքը կշարունակվի:

Վլադիմիր Գասպարյանը հավաստել է վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և նշել է, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների, պատասխանատուների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա համատեղ աշխատանքն այդ ծրագրի իրագործման լավագույն ուղին է:

Հանդիպումն անցել է ջերմ ու կառուցողական մթնոլորտում: