Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թողարկվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված նամականիշը

Սեպտեմբերի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, տեղի է ունեցել «Ավրորա Մարդիգանյան» նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Ինչպես հաղորդում են «Հայփոստի» մամուլի ծառայությունից, նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նամականիշի վրա պատկերված է ԱՄՆ-ում 1918թ. նկարահանված և 1919թ. ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրված «Հոշոտված Հայաստան» գեղարվեստական ֆիլմի պաստառը, ինչպես նաև Ցեղասպանությունից փրկված փախստականների նկարներ:

1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս  է տեսել Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները:  «Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ 1918թ. Կալիֆոռնիայում, ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանել է «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է: Ֆիլմի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարգիգիկանյանն է, որը  մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին: