Դանիայի կառավարությունը 1,7 մլն եվրո է հատկացրել Հայաստանի տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների համար

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից::

Քննարկվել են Եվրախորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագրի` տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր:

Օլեքսանդր Պավլյուկը տեղեկացրել է, որ Դանիայի կառավարությունը 1,7 մլն եվրո է հատկացրել նշված միջոցառումների իրականացման համար: Միջոցառումները երեք հիմնական ուղղություն են ներառում` աջակցություն տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին, ՏԻՄ-երի կարողությունների զարգացում և ՏԻՄ-երի կառավարման կարողությունների հզորացում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տարածքային կառավարման նախարարության և ԵԽ հայաստանյան գրասենյակի մասնագետներն առաջիկա օրերին կհստակեցնեն նշված բաղադրիչների շրջանակում առաջնահերթությունները և կսկսեն համատեղ աշխատանքը` ներգրավելով նաև ԵԽ մասնագետների:

Փոխվարչապետը նշել է, որ ակնկալվում են կոնկրետ և գործնական նշանակություն ունեցող արդյունքներ, որոնք օգտակար կլինեն համակարգում իրականացվող բարեփոխումների համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում անցկացվելիք միջոցառումներին, մասնավորապես հոկտեմբերին Երևանում կայանալիք ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպմանը, քննարկեել են նաև հոկտեմբերի վերջին Ստրասբուրգում ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանին Հայաստանի պատվիրակության մասնակցությանը վերաբերող հարցեր: