Տուզիկ շունը միայն իր դռան դիմաց է հաչում

«Արցախը Հայաստան է, և վերջ»,- ասում էր Լեոնիդ Ազգալդյանը: «Արցախը Հայաստան է, և վերջ»` հաճախակի սիրում ենք կրկնել Լեոնիդին` չանդրադառնալով, որ այդ միտքը շատերիս արյան մեջ է, և ոչ ոք ի զորու չէ այն մաքրել մեր արյունատար անոթներից:

Արցախը Հայաստան է, և վերջ, Հայաստան աշխարհի մի մասնիկը, ինչպես Սյունիքը, Գեղարքունիքը, Արմավիրը, Արագածոտնը, Տավուշը ու մյուս մարզերը, ինչպես մեր սրտի մի անկյունում պահ տված և առայժմ որպես երազանք փայփայած Կարսը, Անին, Արդահանը, Սասունը, Մուշն ու Վանը: Ինչպես մնացած հայկական գավառները, որտեղ ներկայում ժամանակավորապես ծածանվում են այլ պետությունների դրոշները:

Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի խիղճն է, պատիվն ու միտքը: Տարիներ շարունակ կոմունիստների կողմից բռնաբարված այս գաղափարախոսական ձևակերպումը այլևս չենք ուզում հիշել, բայց ուզենք, թե չուզենք, պարտավոր ենք խնդրին մոտենալ այս տեսանկյունից, այլապես բոլոր երազանքները հօդս կցնդեն, իսկ երազանք չունեցող ազգերը դատապարտված են ոչնչանալու:

Բայց, այնուամենայնիվ, կա մի անժխտելի փաստ, թե ինչու ենք այդքան վստահ ասել (ում) «Արցախը Հայաստան է, և վերջ»: Որովհետև Արցախում հայեր են ապրում, իսկ ցանկացած տարածք ապրելով է կանգուն մնում: Եթե մնացածի մասով պետք է բավարարվենք` առայժմ երազելով, արցախցիներն այդ հարցը լուծել են՝ իրենց բնօրրանում ապրելով, արարելով, պայքարելով:

Արցախը թեև Հայաստան է, և վերջ, բայց հանգամանքների բերումով առայժմ անկախ պետություն է համարվում: Շատ լավ է, ինչպես ասում են՝ հանգրվանային լուծման ճանապարհին ենք: Բայց բոլորն էլ գիտեն, որ Արցախը Հայաստան է: Դա գիտեն և՛ արցախցիները, և՛ աշխարհով սփռված հայությունը, և՛ միջազգային կազմակերպությունները, և՛ ամբողջ հանրությունը: Մի խոսքով` անքննելի է այս հարցը, իսկ եթե քննարկվում է, ապա միմիայն անհասկացող որոշ հարևանների կողմից, այն էլ՝ զուտ ձևականորեն:

Բայց, արի ու տես, որ կասկածողներ, այնուամենայնիվ, կան և դրանք, ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանում գործող ընկերություններ են, ավելի ստույգ՝ կապի ոլորտում գործող ընկերություններ, որոնք, շունչները պահած, սպասում են, թե ե՞րբ մարդ կայցելի Արցախ, որ ողջունեն և տեղեկացնեն իրենց ծառայությունների գների մասին: Առավոտից գիշեր՝ համարյա շուրջօրյա, այս ընկերությունները հպարտանում են իրենց հաջողություններով և գովազդում՝ աշխարհի ցանկացած կետից միանալով և օգտվելով իրենց ռոումինգ ծառայությունից, նվազագույն վճարման պայմաններով, կարող եք խոսել անդադար, սակայն Արցախի դեպքում սա չի աշխատում: Արցախն այս ընկերությունների համար «երկրագնդից դուրս է»:

Օրինակ` Beeline-ը հորդորում է ակտիվացնել «Սուպեր Վիզա» ռոումինգ ծառայությունը և օգտվել 40 դրամ/րոպե սակագնից՝ գտնվելով Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Իտալիայում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում: Սակայն այս ընկերությունը Արցախում մուտքային զանգերը վաճառում է 70 դրամով: Ելքային զանգերը դեպի Հայաստան (ծիծաղելի է, չէ՞)` 170 դրամ, տեղական զանգերը` 100 դրամ, դեպի ԱՊՀ երկրներ՝ 550 դրամ, իսկ միջազգային զանգերը` 900 դրամ:

Orange-ն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով «Ռուսաստանում՝ ինչպես տանը» փաթեթի մասին, որով Ռուսաստանից կարելի է խոսել րոպեն 30 դրամ սակագնով: Ինչ խոսք, լավ է, բայց որքանո՞վ կարելի է խոսել Արցախից: Պարզվում է՝ Արցախից Orange օպերատորի միջոցով մուտքային զանգերը ևս նույն գնին են, ինչ Beeline-ով: Այստեղ են ասել՝ «ձեն ձենի են տվել»: Մարդիկ եկել են, մեր երկրում բիզնես են անում, փող աշխատում և մեր երկրի մի հատվածը խաղից դուրս համարում: Այսքանից հետո այլ բան չի մնում փաստելու, քան այն, որ Արցախի անկախությունը, բացի մեր՝ ոչ բարով հարևաններից, հարցականի տակ են դնում նաև մեր երկրում ծառայություններ մատուցող այս ընկերությունները: Որևէ պատճառ ընդունելի չէ Արցախի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորած ընկերությունների կողմից: Որևէ մեկը, նույնիսկ՝ դրանց տերերը, իրավունք չունեն խմել «մեր աղբյուրից», իսկ հետո կասկածի տակ դնել աղբյուրի անաղարտ լինելը: Որևէ մեկը չի կարող փաստել, որ Արցախը Հայաստան չէ: Արցախը Հայաստան է, և վերջ: Այս փաստի հետ պետք է հաշվի նստեն բոլոր նրանք, ովքեր որոշել են Հայաստանում գործունեություն ծավալել՝ անկախ գործունեության ձևից և նշանակությունից:

Ամեն օր մեր հեռուստաընկերություններով ականատես ենք, թե ինչպիսի վերլուծություններ են կատարվում, մտքի ինչպիսի գոհարներ են շաղ տրվում մեր ոչ բարով հարևան երկրների և նրանց ղեկավարների հասցեին: Շատ հեշտ է հեռվից անդադար հոխորտալ հարևանների վրա, իսկ ներսում լռել միայն նրա համար, որ փող են տալիս և գովազդ են պատվիրում:

Չեմ ուզում բարձրագոչ հնչի, բայց պետք է ասեմ՝ ամեն ինչ իր գինն ունի, հայրենիքն է անգին: Եթե հանուն փողի նախընտրելի է լռել, ստացվում է այն ասացվածքի պես՝ «Տուզիկ շունը միայն իր դռան դիմաց է հաչում»: