Կուսակցությունների դերի ձևախեղումը

Հայաստանում շատերն են խոսում կուսակցությունների ազդեցության նվազման, դրանցից հասարակության հիասթափման մասին: Սրա հիմնական պատճառն այն է, որ տեղի է ունեցել կուսակցությունների դերի ձևախեղում: Կուսակցությունները քաղաքական մենեջմենթի ինստիտուտներ են, որոնք համախմբում են որևէ հարցի շուրջ մտահոգ գործիչներին՝ քաղաքական գործունեություն իրականացնելու համար: Այս մենեջմենթի կարևորագույն ֆունկցիաներից մեկը համապատասխան ֆինանսավորում ապահովելն է, ինչը սովորաբար տեղի է ունենում կուսակցության անդամների և այլ քաղաքացիների նվիրատվությունների և անդամավճարների հավաքման միջոցով: Վերջին բաղադրիչը բավականին կարևոր է, քանզի քաղաքական ուժն այդպիսով ֆինանսավորվում է հասարակության կողմից և պատասխանատու է միայն նրա առջև: Հասարակության կողմից ֆինանսավորվող կուսակցություններն ունենալով անկախության զգալի աստիճան և հաշվետու լինելով միայն հասարակությանը՝ ավելի ընկալելի և ընդունելի են ժողովրդի կողմից:

Դասական այս սխեման Հայաստանում վաղուց խախտված է: Կուսակցություններն իրենց համար գտել են ֆինանսավորման այլ աղբյուրներ, զգալիորեն հեռացել հասարակությունից: Օլիգարխի կամ մի խումբ բիզնեսմենների կողմից ֆինանսավորվող կուսակցությունը ենթակա է վերջիններիս քմահաճույքներին և հաշվարկներին: Դրա համար կարևոր հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս կուսակցությունները ստիպված են հաշվի առնել ոչ թե հասարակության, այլ կուսակցությունը ֆինանսավորող անձանց պահանջները:

Այսօրվա Հայաստանում, երբ բիզնեսը իշխանությունների կողմից տոտալ վերահսկողության տակ է, երբ որևէ գործարարին ունեզրկելը օրերի հարց է, ներկայիս կուսակցությունների գործն առավելապես բարդանում է: Դրա համար էլ նրանք լավագույն դեպքում պայքարում են երկրորդ տեղի համար, ձայների առաջին 60 տոկոսը թողնելով իշխող կուսակցությանը: Այս կամ այն բիզնեսի հույսով ապրող կուսակցությունները, որոնք իշխող կուսակցության հետ գործարքի են գնում հարկային ճնշումների չենթարկվելու, որևէ ոլորտից օգուտներ քաղելու, վարչական ռեսուրսներ ստանալու համար երբեք չեն կարող գործող համակարգը փոխելու լոկոմոտիվ հանդիսանալ: Նույնիսկ նրանցից հաղթանակի գողացման դեպքում այդ ուժերն արագ համակերպվում են ստեղծված վիճակի հետ և նոր գործարքների գնում:

Հայաստանում այսօր հարկավոր է քաղաքական մենեջերների ամուր թիմ, որոնք կկարողանան ամբողջ հանրապետությունում գտնեն քաղաքական գործունեություն ծավալելու ունակ մարդկանց, ստեղծեն համակիրներից նվիրատվություններ և անդամավճարներ հավաքելու մեխանզիմներ, ինչպես նաև մտածեն իշխող կուսակցության կողմից Սահմանադրության բացահայտ խախտման և իշխանությունն ապօրինի զավթելու դեպքում համապատասխան, այդ թվում ուժային, գործողությունների իրականացման մասին:

Միայն ժողովրդի կողմից ֆինանսավորվող, հասարակական լայն զանգվածների աջակցությունն ունեցող քաղաքական ուժն է ի վիճակի ապահովել սահամանադրական կարգը Հայաստանում և վերականգնել ժողովրդի իշխանությունը: Սրճարանների, շինարարության կամ հէկերի շահույթից ֆինանսավորվող կուսակցությունն ընդամենը այս կամ այն տրամադրությունները վաճառքի հանող առևտրային կառույց է:

Մեկնաբանել