Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նրա խոսքով՝ Իրանին պետք է թույլ տրվի զարգացնել միջուկային էներգիան խաղաղ նպատակներով, և Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ունենալ։
Իրանի նախագահը հավելել է, որ Իրանը սպառնալիք չի ներկայացնում մերձավորարևելյան տարածաշրջանի համար, հակառակը՝ կայունության երաշխիք է։
Նա նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել հարթակ՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա տարաձայնությունները քննարկելու համար, և որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չպետք է անսա այն խորհրդականներին, որոնք պնդում են, որ տարաձայնությունները լուծվեն ռազմական ճանապարհով։
«Մեր ազգային շահերից է բխում չեզոքացնել ցանկացած օրինական կասկած առ այն, որ մեր միջուկային ծրագիրը խաղաղ է»,- հայտարարել է Ռոհանին՝ հավելելով․ «Ես ցանկանում են բարձրաձայն ու հստակ հայտարարել՝ խաղաղությունը հնարավոր է»։
Դիվանագիտական ջանքեր
Միաժամանակ Բարաք Օբաման, որը նույնպես նախօրեին ելույթ է ունեցել Գլխավոր ասամբլեայի առջև, հայտարարել է, որ Իրանի վերջին դիվանագիտական քայլերը կարող են հիմք ստեղծել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության համար։
Օբամայի խոսքով՝ այժմ խոսքերը պետք է ամրագրվեն գործողություններով։
Սեպտեմբերի կեսին ԱՄՆ-ի և Իրանի նախագահները փոխանակվել էին նամակներով, որոնցում հիշատակվել էր Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը։
Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին՝ Օբաման հայտարարել է, որ կցանկանար միջուկային խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն վճռական է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։
«Խոչընդոտներն այս ճանապարհին կարող են շատ զգալի լինել, սակայն ես վստահ եմ, որ մենք պետք է փորձենք դիվանագիտական ջանքերի ուղին»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ պետքարտուղար Ջոն Քերիին խնդրել է Իրանի հետ համաձայնության հասնել։
Նախքան Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի բացումը մամուլում լուրեր էին պտտվում նախագահներ Օբամայի և Ռոհանիի հնարավոր հանդիպման մասին, սակայն դա տեղի չունեցավ։
Այդուհանդերձ, Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են։ Սեպտեմբերի 26-ին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը իրանական միջուկային ծրագիրը քննարկելու է պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Այդ բանակցություններին մասնակցելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, ինչպես նաև Գերմանիայի արտգործնախարարները։
Ռոհանիի խոսքով՝ իր երկիրը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել առանց որևէ նախապայմանի։
Իսրայելը քննադատել է Իրանի նախագահի այս հայտարարությունը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռոհանիի ելույթն անվանել է ցինիկ և ասել է, որ Իրանը միայն փորձում է բավարար ժամանակ շահել՝ միջուկային զենք ստեղծելու համար։