Թուրքական DurDE-ի արշավը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման

Թուրքական DurDE («Ասա ո՛չ ռասիզմին ու ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը շարունակում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղվված շարժումը, հաղորդում է պոլսահայերի «Հայթերթ» կայքէջը:

Օրերս DurDE-ն հայտարարություն է տարածել, որով հանրությանը տեղեկացնում է կազմակերպության կատարած ու նախապատրաստվող աշխատանքների մասին: Կառույցը, մասնավորապես, մտադիր է Թուրքիայում 2014թ. ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպել:

DurDE-ի հիմնական նպատակներից է Թուրքիայի քաղաքացիներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը, որի համար 2013թ. սեպտեմբերին կազմակերպությունը ֆեյսբուքյան էջ է բացել:

«Ասա ո՛չ ռասիզմին ու ազգայնամոլությանը» կազմակերպությունը Ցեղասպանության ճանաչման հետագա ռազմավարություն մշակելու համար հոկտեմբերի 26-ին անցկացնելու է բաց քննարկում, որին մասնակցելու համար հրավիրում է բոլոր ցանկացողներին: Կառույցը նաև մտադիր է առաջիկայում հրավիրել մամուլի ասուլիս:

DurDE-ն 2013թ. գարնանից սկսած՝ պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, և այդ առթիվ բազմաթիվ քննարկումներ է անցկացրել:

Հիմնականում երիտասարդ ակտիվիստներից կազմված DurDE-ն վերջին տարիներին մասնակցում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին: Կառույցը պայքարում է Թուրքիայում ռասիստական դրսևորումների վերացման դեմ, զբաղվում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ և այլ հարցերով:

Մեկնաբանել