Լ. Գալստյանը կոռեկտ չի համարում ԱԺ-ում Վ. Հովհաննիսյանին փոխարինելու մասին լուրի մեկնաբանումը

Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Լիլիթ Գալստյանը կոռեկտ չի համարում մեկնաբանել մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն` հնարավոր է` ինքը փոխարինի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանին` վերջինիս դեսպան նշանակվելուց հետո: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը` ընդգծելով, որ ճիշտ չէ ներկայում մեկնաբանել այս լուրերը, քանի որ Վահան Հովհաննիսյանը դեռ պատգամավոր է և կրում է մանդատը:

«Իսկ եթե իսկապես հաստատվի ագրեմանը, ապա մնացյալն արդեն կուսակցության Գերագույն մարմնի որոշելիքն է»,- ասաց շուրջ 23 տարի ՀՅԴ անդամ հանդիսացող Լիլիթ Գալստյանը:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «ՀՅԴ համամասնական ցուցակով հաջորդ համարը գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, սակայն Դաշնակցությունում տեսակետ կա, ըստ որի` խմբակցությունում պետք է լինի կին պատգամավոր: ՀՅԴ համամասնական ցուցակի 11-րդ համարը Ռուզաննա Առաքելյանն է, սակայն Վահան Հովհաննիսյանը դեմ չէր լինի իր պատգամավորական մանդատը տալ Լիլիթ Գալստյանին»:

Նշենք, որ Լիլիթ Գալստյանը ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր է եղել:

Oգոստոսին լուրեր էին տարածվել, որ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը կարող է նշանակվել Գերմանիայում Հայաստանի դեսպան: Ավելի ուշ մի շարք դաշնակցականներ հաստատեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը Վահան Հովհաննիսյանին նման առաջարկություն արել է: Վահան Հովհաննիսյանն ինքը նույնպես հաստատեց, որ ստացել է նման առաջարկ և ընդունել այն: