ԵՄ դատարանի որոշումը «անարդար է և քաղաքական». Էգեմեն Բաղըշ

Եվրամիության Գերագույն դատարանի սեպտեմբերի 24-ի որոշումը, որով Թուրքիայի քաղաքացիներին չի թույլատրվել անայցագիր ռեժիմով շրջագայել ԵՄ երկրներում, խիստ քննադատության է արժանացել թուրքական կառավարության կողմից, որն այդ որոշումը որակել է «անարդար», «քաղաքական» և այցագրային ռեժիմի պարզեցման շուրջ ներկայում Անկարայի և Բրյուսելի միջև առկա գործընթացին հակասող, հաղորդում է Hurriyet Daily News-ը: 

Թուրքիայի՝ ԵՄ հետ կապերի հարցերով նախարար Էգեմեն Բաղըշն իր գրավոր հայտարարության մեջ ընդգծել է, որ որոշ ԵՄ երկրներ, որոնք դրդում էին Թուրքիային ստորագրել Ռեադմիսիայի համաձայնագիրը և առաջ տանել այցագրայի ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունները, դատարանի վրա ճնշում են գործադրել և բացասական դիրքորոշում որդեգրել Թուրքիայի քաղաքացու գործով: 

«Ստեղծված իրավիճակը կասկածներ է հարուցում առ այն, թե որքան են անկեղծ այդ երկրները այցագրային ռեժիմի պարզեցման գործընթացի հարցում», – ասել է Բաղըշը:

Թուրքիան և Եվրահանձնաժողովը պատրաստվում էին արագացնել Թուրքիայի քաղաքացիներին անայցագիր ռեժիմով շրջագայելու իրավունք տրամադրելու գործընթացը՝ Անկարայի կողմից Ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրման դիմաց: 

«ԵՄ դատարանի որոշումը վստահության անկման ֆոնին նոր դժվարություններ կստեղծի կողմերի համար», – ասել է Բաղըշը:

Թուրք նախարարի խոսքով՝ դատարանի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի և նոր պատնեշներ կստեղծի Եվրոպայում՝ չնայած ԵՄ այն պնդումներին, որ կազմակերպությունը ձգտում է վերացնել այդ պատնեշները:  

Մինչդեռ, ինչպես հաղորդում է Zaman-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին իր գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ խոստացել է օգնել Թուրքիային ԵՄ անդամակցության գործում, մասնավորապես՝ օժանդակել, որ բացվի Թուրքիա – Եվրամիություն բանակցությունների հերթական՝ 22-րդ գլուխը: