Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 238-ի

Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժի հետևանոքվ զոհերի թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 238-ի, հաղորդում է BBC-ն։ Ավելի քան 300-ը վնասվածքներ է ստացել։

Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ տեղի ժամանակով ժամը 16։29-ին, օջախը գնտվել է 23 կմ խորության վրա՝ Բելուջիստանի քիչ բնակեցված լեռնային շրջանում։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Կարաչիում, Հայդարաբադում, ինչպես նաև Դելիում։ Երկրաշարժի հետևանքով Արաբական ծովում ոչ մեծ կղզի է առաջացել։

Հատկապես ուժեղ է տուժել Լաբախ գյուղը Ավարան քաղաքի հյուսիսային ծայրամասում։ Հաղորդվում է փլատակների տակ մնացած մարդկանց մասին։

Բելուջիստանի օրենսդիր ժողովի փոխնախագահ Աբդուլ Կադուսը տեղեկացրել է, որ Ավարան շրջանում տների առնվազն 30%-ը ավերվել է։

Ավերածությունները նկատելի են նաև Խուզդար շրջանում։

Բելուջիստան նահանգի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ աղետի շրջանների հեռու լինելը դժվարացնում է ավերածությունների մասշտաբների գնահատումը։

Բելուջիստանում բավական հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր։

Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակից Շահբեզ Ջիլանին, այս քիչ բնակեցված նահանգի բնակիչները հիմնականում ապրում են կավաշեն տներում։

Նրա խոսքով՝ սեյսմակայուն բետոնե շինությունները կառուցվում են միայն իշխանության մարմինների համար։