«Ռադիո Հայ»-ի աշխատակազմը գործադուլ է հայտարարում

«Ռադիո Հայ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ռադիոկայանի աշխատակազմը մինչև հոկտեմբերի 4-ը գործադուլ է հայտարարում:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն ընդունել է որոշում` հեռարձակող ԶԼՄ-ների շրջանակում անցկացնել արտահերթ ստուգումներ։

Այդ կապակցությամբ` 2013թ. սեպտեմբերի 23-ին ՊԵԿ-ի նախագահն արձակել է հանձնարարագիր` համաձայն որի` «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում և ուրիշ այլ ռադիոկայաններում պետք է իրականացվի արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների), այդ թվում՝ միջին, չափագրում։ Ընդ որում, «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում այդ չափագրումները պետք է ներառեն ժամանակահատված՝ սկսած 01.01.2009-ից։ Քանի որ այդ հանձնարարագրում կոնկրետ նշված չէր ռադիոկայանի գործունեությանը վերաբերվող առարկան և նրա չափագրման եղանակը, ռադիոկայանի տնօրինությունը օրենքով սահմանված կարգով արգելել է ուսումնասիրության իրականացումը։ Ռադիոկայանի աշխատակազմը գտնում է, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները անօրինական են, հանդիսանում են միջամտության փորձ անկախ ԶԼՄ-ի աշխատանքին և ուղղված են Հայաստանում խոսքի ազատության սահմանափակմանը։

Այդ կապակցությամբ, ի նշան բողոքի, ռադիոկայանի աշխատակազմը մինչև 2013թ. հոկտեմբերի 4-ը ներառյալ հայտարարում է գործադուլ։ Ամեն աշխատանքային օր` ժամը 12-ից սկսած, մեկ ժամով կդադարեցվի «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերի սպասարկումը, իսկ մյուս ժամերին` կիրականացվի ավտոմատացված եղանակով»։

Մեկնաբանել