Գյուլն ամերիկյան ընկերություններին կոչ է արել ավելացնել ներդրումները Թուրքիայում

ԱՄՆ-ը Թուրքիայի ամենամեծ դաշնակիցն է, սակայն ոչ խոշորագույն առևտրային գործընկերը, Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ կոչ անելով ամերիկյան ընկերություններին ավելացնել իրենց ներդրումներն իր երկրում, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

«Շատ լավատեսական ենք երկկողմ սերտ կապերի պայծառ ապագայի հարցում և ցանկանում ենք այդ ապագան միասին կառուցել», – ասել է Գյուլը Թուրք-ամերիկյան բիզնես խորհրդի կազմակերպած հանդիպման ժամանակ:

Գյուլի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները վերջին տասնամյակում Թուրքիայում ներդրել են շուրջ 8.4 մլրդ դոլար. ԱՄՆ-ը Թուրքիայի երրորդ խոշորագույն ներդրողն է՝ Նիդեռլանդներից և Ավստրիայից հետո:

«Թուրքիան ակնկալում է դառնալ 2011-2017թթ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ամենամեծ աճն ունեցող անդամը: Այսօրվա Թուրքիան քաղաքականապես և մակրոտնտեսական տեսանկյունից կայուն է, այն կայուն աճ է գրանցում: Բանկային և ֆինանսական սեկտորները պատշաճ կերպով կառավարվում և վերահսկվում են: Թուրքիայի տնտեսությունն իր հզորությունը ցույց է տվել վերջին տնտեսական ճգնաժամի ընթացքում», – ասել է Գյուլը:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ երկկողմ առևտուրը երկու երկների միջև 2012թ. գերազանցել է 20 մլրդ դոլարը՝ վերջին երկու տարում գրանցելով 30% աճ:

«Չնայած ԱՄՆ-ը մեր ամենամեծ դաշնակիցն է, նա մեր խոշորագույն առևտրային գործընկերը չէ», – ասել է Գյուլը՝ հավելելով, որ Թուրքիան կարող է հատկապես գրավիչ լինել ՏՏ ոլորտի ամերիկյան ընկերությունների համար, ինչպիսիք են Microsoft-ը, Google-ը, Apple-ը, Facebook-ը և Twitter-ը:

Մեկնաբանել