Ադրբեջանի իշխող կուսակցությունը «Ազադլիգ» ռադիոյին մեղադրում է անօրինական քարոզչության մեջ

Ադրբեջանի իշխող կուսակցության «Ենի Ադրբեջանի» լիազոր ներկայացուցիչ Ալի Ահմեդովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով նամակ է ուղարկել՝ «Ազագլիգ» («Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը) ռադիոյի կողմից անօրինական նախընտրական քարոզչության անցկացման վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Նամակում ասվում է, որ «Ազադլիգ» ռադիոկայանը, որը ֆինանսավորվում է օտարերկրյա պետությունների կողմից, նախընտրական քարոզչություն է անցկացնում՝ կոպտորեն խախտելով Ընտրական օրենսգքիրը: «Ռադիոն իր ինտերնետային կայքում ստեղծել է «Ընտրություններ-2013 բաժինը», որում «ճանաչիր թեկնածուին» հղման և հեռարձակվող այլ հաղորդումների մեջ կոպտորեն խախտում է օրենսդրության պահանջները և զբաղվում կոնկրետ թեկնածուի քարոզչությամբ», -ասվում է նամակում:

Կուսակցության հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի Ընտրական օրենսգրքի համաձայն, օտարերկրյա պետություններին և իրավաբանական անձանց արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը, և ռադիոյի կայքում նշվում է, որ այն ոչ առևտրային կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից և իրավունք չունի զբաղվել քարոզչությամբ: