«Ակօսի» թղթակցին ուղարկված սպառնալիքներով նամակը «խոսքի ազատություն չէ». դատարան

Անկարայի ծանր հանցագործությունների 10-րդ դատարանը չեղյալ է հայտարարել Անկարայի առաջին ատյանի 12-րդ դատարանի վճիռը, որով «Ակօսի» թղթակից Բասքըն Օրանին ուղարկված մահվան սպառնալիքներ պարունակող նամակը «խոսքի ազատության դրսևորում է» ճանաչվել, հաղորդում է Taraf-ը:

Բասքըն Օրանն իր էլեկտրոնային  հասցեին «Թուրք վրիժառուների բրիգադի» անունից նամակ էր ստացել, որում ասված էր, որ Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքից հետո գալու է նրա հերթը, և «քանի դեռ գործում է «Թուրք վրիժառուների բրիգադը», նա չի կարող հանգիստ քնել»: Հայհոյանքներով լեցուն նամակի հեղինակը նաև մեղադրել է Բասքըն Օրանին «հայ լինելու մեջ», թեպետ լրագրողն իրականում հայ չէ:

Գործը շրջել է 5 տարբեր դատարաններում: Ի վերջո, Անկարայի առաջին ատյանի 12-րդ   դատարանը որոշել է 5 տարով հետաձգել դատը, նամակի հեղինակ Բիլալ Շեքերլիսոյին   ազատ արձակել, իսկ նամակը որակել «խոսքի ազատության դրսևորում»:

Սեպտեմբերի 24-ին Անկարայի ծանր հանցագործությունների 10-րդ դատարանը չեղյալ է հայտարարել դատը հետաձգելու մասին որոշումը և գործը կրկին ուղարկել Անկարայի առաջին ատյանի 12-րդ դատարան:  Անկարայի ծանր հանցագործությունների 10-րդ դատարանը վերոհիշյալ նամակը «մահվան սպառնալիք» է որակել, ինչի արդյունքում նամակի հեղինակը կրկին կկանչվի դատարան և պատասխանատվության կենթարկվի մահվան սպառանլիքներ և հայհոյանքներ պարունակող նամակ ուղարկելու համար:

Թուրքական Taraf-ը չի բացառում, որ Բիլալ Շեքերլիսոյը կդատվի նաև «հայերին վիրավորելու» մեղադրանքով:

Բասքըն Օրանը թուրք քաղաքագետ է և լրագրող: Նա «Ներե՛ք մեզ, հայե՛ր» ինտերնետային ստորագրահավաքի նախաձեռնողներից է: