ՃՈ մեքենաների արագաչափերն իրավական ակտ չունեն. «Աքիլեսի» նախագահ

Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաներում տեղադրված արագաչափերն օգտագործման իրավական ակտ չունեն և չպետք է կիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ չկա համապատասխան ակտ. սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ վերջին շրջանում իրենք վարորդների հետ պարբերաբար շահում են արագության գերազանցման հետ կապված դատական գործերը: Նրա խոսքով` բարդ է փորձաքննության ենթարկել տեսանյութերը, քանի որ դրանցում հստակ չի երևում, թե որ մեքենան է ամենամեծ արագությամբ շարժվում:

«Պարեկային ծառայության տեսուչը պարտավոր է միացնել իր մեքենայի տեսագրող սարքը ավտոգարաժից դուրս գալու պահից և անջատել ծառայությունն ավարտելուց հետո: Եթե այդ սարքը չի աշխատում, նա պարտավոր է դադարեցնել աշխատանքը: Նա իրավունք չունի աշխատել այն դեպքում, եթե չի աշխատում այդ սարքը»,- ասաց «Աքիլեսի» նախագահը:

Էդուարդ Հովհաննիսյանը վարորդներին, որոնք համաձայն չեն իրենց կատարած խախտման հետ, խորհուրդ տվեց օգտվել օրենքով իրենց տրված իրավունքից ու բացատրություն գրել: «Եթե վարորդը գրի այդ բացատրությունը, թող հաշվի, որ դատարանում դատը կշահի»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Նա ասուլիսին ներկայացրեց նաև ԵԱՀԿ-ի աջակցությամբ լույս տեսած «Շտապ օգնություն վարորդին վարորդ-տեսուչ հարաբերություններում» վերնագրով գրքույկը: Այն բաժանվում է վարորդներին` տարբեր իրավիճակներում հեշտ կողմնորոշվելու համար:

Մեկնաբանել