Թուրքիայի նախկին նախագահ Դեմիրելին մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է թուրքական Haberler.com կայքը:

Դեմիրելը մեղադրվում է Թուրքիայում 1997թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած  ռազմական հեղաշրջմանը մասնակցելու համար: Թուրքիայի նախկին նախագահին  դատարան է կանչել  Էրզրումի Ծանր հանցագործությունների 4-րդ դատարանը:

1997թ. ռազմական հեղաշրջմանը մասնակցելու գործով անցնում է 103 մարդ, այդ թվում՝ այդ ժամանակահատվածի գեներալիտետի մի մասը: Հեղաշրջման գործով տեղի է ունեցել 18 դատական նիստ:

1997թ. փետրվարի 28-ին Թուրքիայի վարչապետ, իսլամամետ «Բարօրություն» կուսակցության ղեկավար Նեջմեթին Էրբաքանը զինվորականության ճնշման տակ  հրաժարական տվեց: Դա համարվում է Թուրքիայի պատմության  4-րդ հեղաշրջումը՝ 1960, 1971, 1980 թվականների ռազմական հեղաշրջումներից հետո: Այն Թուրքիայի պատմության մեջ անվանվում է հետմոդեռնիստական կամ «թավշյա», քանի որ ի տարբերություն մյուս հեղաշրջումների՝ առանց արյունահեղության է եղել: Ի դեպ՝ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրբաքանի գլխավորած «Բարօրություն» կուսակցության անդամ էր:

Սուլեյման Դիմիրելը ծնվել է 1924թ.: 1965-1993թթ. ընթացքում 7 անգամ ղեկավարել է Թուրքիայի կառավարությունը՝ ընդհանուր առմամբ վարչապետ լինելով ավելի քան 10 տարի: Թուրգութ Օզալի անսպասելի մահից հետո Սուլեյման Դեմիրելը դարձել է Թուրքիայի Հանրապետության 9-րդ նախագահը՝  ղեկավարելով երկիրը 1993-2000թթ.: