Amazon-ը ներկայացրել է 3-րդ սերնդի Kindle Fire պլանշետները

Amazon-ը ներկայացրել է իր ֆիրմային 3-րդ սերնդի պլանշետները, հաղորդում է Mashable-ը: Նոր Kindle Fire HDX թողարկվել է երկու տարբերակով՝ 7 և 8,9-դյույմանոց էկրաններով, $229-ից $479 արժեքով: Այս երկու գաջեթներն ավելի մատչելի են, քան iPad-ն կամ iPad mini-ն, որոնց գինը $329-ից է սկսվում:

Նոր սերնդի Kindle պլանշետներն նախորդ մոդելների համեմատ ունեն ավելի ուժեղ պրոցեսոր, որակյալ էկրան և 4G ցանցների հետ աշխատելու հնարավորություն:

Kindle Fire HDX-ի 8,9-դյույմանոց տարբերակը ստացել է 2,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Snapdragon 800 պրոցեսոր, դարձնելով այն գրեթե երեք անգամ ավելի արագ, քան նախորդ սերնդի Kindle-ը: Թարմացվել է նաև տեսաքարտը, որը հնարավորություն կտա ունենալ տեսանյութերի և խաղերի ավելի որակյալ պատկեր: Kindle Fire HDX-ի հետ կտրամադրվեն նաև 8 գույնի կափարիչներ, որոնք ԱՄՆ-ում կարժենան $45-ից $70:

Amazon-ը Kindle Fire HDX-ի մատակարարման գործընթացը կսկսի հոկտեմբերի 15-ից, իսկ ավելի մեծ չափերով տարբերակները՝ նոյեմբերի 7-ին: Ընկերությունը նաև հայտարարել է նախորդ սերնդի Kindle Fire HD պլանշետի արժեքը՝ մինչև  $139: