Փոխըմբռնման հուշագիր` գյուղնախարարության և Գյուղատնտեսական դաշինքի միջև

Գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքի միջև սեպտեմբերի 25-ին կնքվել  է Փոխըմբռնման հուշագիր` հաշվի առնելով երկրում գյուղատնտեսության ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և տնտեսավարողների գործունեության պայմանների բարելավման անհրաժեշտությունը, հաղորդում են դաշինքի մամուի ծառայությունից:

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ եւ օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանը, որը կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Մասնավորապես `

  1. Կողմերը համաձայն են պարբերաբար միմյանց տեղեկացնել և խորհրդակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող  հարցերի շուրջ,
  2. Կողմերը համաձայն են սահմանված  պարբերականությամբ անցկացնել հանդիպումներ` քննարկելու համատեղ իրականացվող գործողությունների կատարման ընթացքը և ծրագրավորելու հետագա գործողությունները,
  3. Կողմերը կարող են միմյանց հրավիրել` ուղարկելու ներկայացուցիչներ այն հանդիպումներին և համաժողովներին, որոնք կողմերը կկարևորեն:

Գյուղատնտեսական դաշինքը ստեղծվել է 2011թ. և ընդգրկում է 15 տեղական, ազգային և միջազգային կազմակերպություններ, որոնք միավորել են իրենց ջանքերն ու փորձը` Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: