ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետները վերադառնում են Սիրիա

ՄԱԿ-ի փորձագետները վերադառնում են Սիրիա՝ շարունակելու քիմիական զենքի կիրառման հետաքննությունը, հաղորդում է BBC-ն։

Սեպտեմբերի 16-ին, ՄԱԿ-ը հրապարակել էր զեկույց, որում հաստատել էր, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, օգոստոսի 21-ին կիրառվել է զարին, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։

Այժմ ստուգումներ կանցկացվեն Հալեպ և Հոմս քաղաքներում, որոնցում ենթադրաբար նույնպես տեղի է ունեցել քիմիական հարձակում։

Սիրիայում իշխանություններն ու ապստամբները միմյանց մեղադրում են քիմիական զենքի կիրառման մեջ։ Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, ՄԱԿ-ի փորձագետները բացահայտում են միայն քիմիական նյութերի կիրառման փաստերը, սակայն չեն սահմանում, թե կոնկրետ ով է կիրառել այդ նյութերը։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Մեկնաբանել