Նախագահն աշխատանքային այց է կատարել Արարատ և Վայոց Ձոր

Նախագահ Սերժ Սարգսյանն Արարատի մարզում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ծանոթացել 144 երեխայի համար նախատեսված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Արարատի մարզի 8,7 հազ. բնակչություն ունեցող ամենամեծ գյուղական համայնքը երբևիցե չի ունեցել մանկապարտեզ, և տարիներ շարունակ Այնթափից երեխաները ստիպված հաճախել են Երևանի Նորագավիթի, ինչպես նաև Մասիս քաղաքի նախադպրոցական հաստատությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ 2011թ. մեկնարկած աշխատանքների արդյունքում համայնքն այժմ ունի նորակառույց մանկապարտեզ, որտեղ ներկայում ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Նախագահն այնուհետև այցելել է Վեդի քաղաքի մշակույթի տուն, որտեղ ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մշակույթի տան բացմանը: Նախագահին ներկայացվել է, որ դեռևս 1937-1938 թթ. կառուցված և 1988թ. մաշվածության պատճառով գործունեությունը դադարեցրած մշակույթի տան հիմնանորոգման արդյունքում, որն իրականացվել է նախագահի հանձնարարությամբ, երկհարկանի շինությունն այժմ ունի 280-տեղանոց հարմարավետ դահլիճ, որտեղ կարող են գործել տասնյակից ավելի տարբեր խմբակներ: Մշակույթի տանը շրջայցի ընթացքում նախագահը դիտել է նաև Վեդիի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:

Արարատի մարզից Սերժ Սարգսյանը մեկնել է Վայոց Ձորի մարզ, որտեղ ծանոթացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի համալսարանի (Իռլանդիա) և Կալիֆոռնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից «Արենի 1» քարանձավում կատարված պեղման աշխատանքների ընթացքին ու մինչ այժմ արձանագրված արդյունքներին: Մասնագետների կողմից ընդգծվել է, որ Արփա գետի հովտում տեղակայված «Արենի 1» քարայրի պեղումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Առաջավոր Ասիայի սահմաններում ձևավորված քաղաքակրթությունների ելակետային փուլի ուսումնասիրության և արժևորման առումով:

Մեկնաբանել