«Հայֆեստ-2013»-ը` հոկտեմբերի 1-12-ը

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը` մշակույթի նախարարության աջակցությամբ, այս տարի կկայանա հոկտեմբերի 1-12-ը:

Փառատոնի կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն` 11-րդ «Հայֆեստ» հանդիսատեսին կներկայանա նոր ոճով և նոր տարբերանշանով՝ «Բարձրագույն քիմիա»: «Հայֆեստ-2013»-ի տարբերանշանում, որն ունի Մենդելեևի աղյուսակի տեսքը, իրենց տեղն են գտել Սերը, Գաղափարը, Գործողությունը, Խիզախությունը, Երազանքն և բոլոր այն տարրերը, առանց որոնց անհնար է պատկերացնել փառատոնը:

«Հայֆեստ-2013»-ին հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ` Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից և այլն: Նշանավոր ներկայացումներից են Օսկարաս Կարշունովասի թատրոնի «Միրանդա» ներկայացումը` ըստ Վ. Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի (Լիտվա), «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացումը, Ա.Սթրինբերգի «Ֆրեկեն Ժյուլի» Վալմիերայի դրամատիկական թատրոնի ներկայացումը (Լատվիա), Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի «Ուզբեկ» մոնոներկայացումը (Ռուսաստան), ինչպես նաև Cantieri Teatrali Koreja-ի «Պլաստմասե այգիներ» ներկայացումը (Իտալիա):

Փառատոնին կմասնակցեն թատրոններ նաև Երևանից և Հայաստանի մարզերից. Գյումրի, Եղեգնաձոր: Երևանյան թատրոններից «Հայֆեստի» հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:

«Հայֆեստը» նաև ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները Arms Fest ուսանողական ծրագրում: Փառատոնի հյուրերը կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ, որոնց ընթացքում կներկայացնեն կատարողական արվեստների ժամանակակից միտումները: Փառատոնի բացումը կազդարարի «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացումը` Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս բեմականացումը կենդանի երաժշտության, կատարման ու հետաքրքիր կինոնկարների և անիմացիաների միաժամանակյա միասնություն է: Նշենք, որ ներկայացումը 2011թ. Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնին լավագույնների շարքում էր:

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003թ.: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006-ից «Հայֆեստը» գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ` Մոսկվայի):