Եգիպտոսում փակել են «Մուսուլման եղբայրների» թերթը

Եգիպտոսի իշխանությունները փակել են «Ազատություն և արդարություն» թերթի խմբագրությունը, որը իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման և նրա քաղաքական թևի՝ «Ազատության և արդարության կուսակցության» տպագիր օրգանն էր։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Մենք՝ «Ազատություն և արդարություն» թերթի լրագրողներս, քննադատում ենք պարբերականի խմբագրությունը փակած ուժայինների գործողությունները»,- ասված է «Մուսուլման եղբայրների» տարածած հաղորդագրությունում։

Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հաստատել է, որ պարբերականը փակվել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Եգիպտոսի դատարանը արգելեց «Մուսուլման եղբայրների» գործունեությունը երկրի ամբողջ տարածքում՝ զրկելով նրան ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակից։

Զինվորականների գլխավորած ժամանակավոր կառավարությունը սկսեց ճնշել «Մուսուլման եղբայրների» գործունեությունը այս տարվա հուլիսի 3-ին Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիին (որը նույնպես «Մուսուլման եղբայրների» անդամ է) պաշտոնանկ անելուց հետո։

«Մուսուլման եղբայրները» Եգիպտոսի հնագույն և խոշորագույն իսլամիստական կազմակերպությունն է, որը հիմնվել է 1928թ․։ Այն օրենքից դուրս է եղել իր 85-ամյա գործունեության մեծ մասի ընթացքում։

Մեկնաբանել