Կառավարությունը ծածկում է ԿԲ-ի վնասները

ԿԲ-ի վնասները անցյալ տարի կազմել են Դ20,88 մլրդ (նկարում՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը)։

Կառավարությունը ծածկելու է Կենտրոնական բանկի անցած տարվա Դ20,88 մլրդի վնասները։ Գործադրի սեպտեմբերի 26-ի նիստի հաստատմանն է ներկայացված 2011թ. կառավարության կողմից տրամադրված Դ77,5 մլրդ անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակները Դ98,2 մլրդ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներով փոխարինելու որոշման նախագիծ։

Մուրհակները տրամադրվելու են պայմանով, որ ԿԲ-ն ֆինանսների նախարարությանը վերադարձնի Դ77,5 մլրդ-ի մուրհակները։

Կառավարությունը ԿԲ-ին տրամադրում է ցպահանջ մուրհակներ՝ հաշվի առնելով 2012թ. ֆինանսական գործունեության արդյունքում բանկի հաշվեկշռում առաջացած վնասը։

Ըստ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի, եթե ԿԲ հաշվեկշռում ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը գերազանցում է պահուստների հանրագումարը, կառավարությունը գերազանցող գումարի չափով, որպես ներդրում ԿԲ կապիտալում, տրամադրում է անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ։

Ըստ ԿԲ-ի 2012թ. ֆինանսական հաշվետվության՝ բանկի վնասները կազմել են Դ20,88 մլրդ։ 2011թ. բանկն ունեցել էր Դ464 մլն-ի շահույթ։ Բանկի վնասների հիմնական աղբյուրը եղել են արժեզրկումից կորուստները՝ 30,3 մլրդ, ինչպես նաև այլ ծախսերը՝ 10,3 մլրդ։