ՊԵԿ-ի պատասխանը «Ռադիո Հայ»-ին

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում նախատեսված ուսումնասիրության և այս կապակցությամբ ռադիոկայանի արձագանքի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Ընկերությունում նախատեսվում է իրականացնել ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված կարգով, որի անցկացման նպատակն ամրագրված է նույն հավելվածի 2-րդ կետով: Ինչ վերաբերում է հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների (ուսումնասիրությունների) արդյունքների իրացմանը, ապա հայտնում ենք. չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական կարգով կարվում և պահվում են տնտեսվարող սուբյեկտի հարկային գործում: Օրենքով սահմանված դեպքերում արձանագրությունների տվյալների կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների հաշվարկը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների հերթական ստուգման (կամ վերստուգման) ընթացքում: Հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 աշխատանքային օրը:

«Ռադիո Հայ» ՍՊԸ-ն պետական գրանցում ստացած ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կազմակերպա-իրավական տեսակ ունեցող տնտեսվարող սուբյեկտ է, վերջինիս համար որևէ արտոնություն նախատեսված չէ հարկային մարմնի կողմից օրենքով նախատեսված հսկողական աշխատանքներ չիրականացնելու համար, այդ թվում՝ վերոնշյալ ուսումնասիրության: Նախատեսվող ուսումնասիրության նպատակը տնտեսվարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններում ներառված ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման, այդ թվում՝ գովազդային, իրական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) ճշտությունը, հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթը պարզելն է: Միաժամանակ` տնտեսվարող սուբյեկտը պետք է գիտակցի, որ ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց օրինական պահանջները չկատարելու, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից չափագրման աշխատանքներին խոչընդոտելու, հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով գույքագրումներ իրականացնելուց կամ չափագրման նպատակներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու դեպքերում չափագրումն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որը հիմք է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման համար»:

«Ռադիո Հայ»-ը սեպտեմբերի 14-ին հայտարարություն էր տարածել, որում հայտնում էր, որ ի նշան ռադիոկայանում անցկացվող արտահերթ ստուգումների, աշխատակազմը մինչև հոկտեմբերի 4-ը գործադուլ է հայտարարում: ՍիվիլՆեթի հետ զրույցում «Ռադիո Հայ»-ի հիմնադիրների ժողովի նախագահ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նշել էր, որ այդ ստուգումները քաղաքական ենթատեքստ ունեն:

Մեկնաբանել