ՀՀ անկախությանը նվիրված ընդունելություն` Եվրոպայի խորհրդում

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում` Ստրասբուրգում, սեպտեմբերի 24-ին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին, հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Պապիկյանը, որն ընդգծել է, որ Հայաստանն անկախացումից հետո առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի պես կազմակերպության նախագահությունը, ինչը յուրովի վկայում է կայացած պետականության մասին։

Ժողովրդավարության անշրջելի ուղին բռնած հայ հանրության 22-ամյա անկախության ձեռքբերումներից է նաև այն, որ այսօր Հայաստանն ի վիճակի է իր ներդրումն ունենալ եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման ընդհանուր ջանքերում և նպաստել համաեվրոպական կարևորություն ունեցող խնդիրների լուծմանը։

Ընդունելությանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մեկնաբանել