ՊԵԿ-ը Վճռաբեկում կբողոքարկի ուսանող իրավաբանի հայցի վերաբերյալ Վերաքննիչի որոշումը

Պետեկամուտների կոմիտեն Վճռաբեկ դատարանում կբողոքարկի Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, ըստ որի` իրավաբան Սերգեյ Գրիգորյանը սեպտեմբերի 24-ին շահել է ՊԵԿ-ի դեմ մեքենայի մաքսազերծման դատը:

ՊԵԿ պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ վարչական դատարանի կայացրած դատական ակտով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գործողությունները չեն ճանաչվել ոչ իրավաչափ: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշմանը, ապա Ս.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Պետական եկամուտների կոմիտեն անընդունելի է համարում որոշման պատճառաբանությունները և սահմանված ժամկետում կբողոքարկի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան»:

Վերաքննիչ վարչական դատարանը բեկանել է Վարչական դատարանի մարտի 15-ին կայացրած վճիռը` ՊԵԿ-ին պարտավորեցնելով Սերգեյ Գրիգորյանի ներմուծած Mercedes-Benz մակնիշի մեքենան մաքսազերծել $2 հազ-ով ավելի ցածր մաքսատուրքով, քան անցած տարվա մայիսին պահանջել էին մաքսային տեսուչները:

Վերաքննիչ վարչական դատարանը նաև անվավեր է ճանաչել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանի գրությունը: Աֆրիկյանը մերժել էր քաղաքացի Սերգեյ Գրիգորյանի դիմումը և որոշել էր, որ մեքենան պետք է մաքսազերծվի Մաքսային օրենսգրքի այն հոդվածով, որը նախատեսում է թանկ մաքսատուրք: